Չեխիայի նախագահ Պետր Պավելը «Европейская правда»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները երկու բաղադրիչ ունեն՝ համաձայնագիր ԱՄՆ-ի հետ օգտակար հանածոների վերաբերյալ և երաշխիքներ եվրոպական երկրներից։

Անդրադառնալով Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին՝ Չեխիայի նախագահը նշել է, որ Ուկրաինայում ամերիկյան բիզնեսի առկայության շնորհիվ «կարելի է ակնկալել, որ նրանք (Միացյալ Նահանգները - խմբ.) կպաշտպանեն այդ շահերը»։

Երաշխիքների մյուս բաղադրիչն, ըստ Պավելի, կլինի եվրոպական այն երկրներից, որոնք «հայտարարել են Ուկրաինային աջակցելու իրենց պատրաստակամությունը»։

«Եվ այժմ մենք առավելապես խոսում ենք նորաստեղծ, այսպես կոչված, «վճռական» պետությունների կոալիցիայի մասին, որոնք կարող են և ցանկանում են կայունացնող ռազմական ուժեր ուղարկել Ուկրաինա, երբ խաղաղ համաձայնագիր ձեռք բերվի», - ասել է նա:

Հարցին, թե ինչու անվտանգության երաշխիքների մեջ չի նշում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Պավելը մատնանշել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումն այս հարցում։

«Մենք արդեն տեսել ենք, որ ԱՄՆ նախագահը մերժել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին արագ անդամակցելու տարբերակը։ Եթե ​​սա խոչընդոտ է դառնում խաղաղ համաձայնության հասնելու համար, ուրեմն այդպես էլ թող լինի: Ի վերջո, ՆԱՏՕ-ին անդամակցելն ամիսների հարց չէ։ Սա ավելի շատ ժամանակ կպահանջի»,- նշել է Չեխիայի նախագահը։

Միաժամանակ նա հավելել է, որ այս հարցը չպետք է ընդհանրապես հանվի քննարկումից։

«Այս հարցը բաց թողնենք ապագայի համար, քանի որ քաղաքական գործիչները գալիս ու գնում են։ ԱՄՆ-ում երեք տարուց այլ իշխանություն կլինի։ Եվ մենք կարող ենք այլ տեսակետ տեսնել նոր վարչակազմի օրոք», - ամփոփել է Պավելը: