Իր ընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին հայտարարել էր, որ «մենք չենք դիպչում սոցիալական ապահովությանը»՝ բացառապես այն ավելի արդյունավետ դարձնելու համար:
Բայց Իլոն Մասկը, որն այժմ հսկայական իշխանություն ունի պետական ծախսերի կրճատման հարցում, վերջերս քննադատել է ծրագիրը, որը հակասում է Թրամփի խոստումներին և անհանգստացնում է նախագահի կուսակցության անդամներին:
Այդ մտավախությունները դրդել են Թրամփի որոշ դաշնակիցների կասկածի տակ առնել, թե արդյո՞ք միլիարդատերը պետք է շարունակի այդքան շատ հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին, հաղորդում է NBC News-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ աղբյուրների:
Հատկապես տհաճ դիտողություն հնչեց փետրվարի վերջին լրագրող Ջո Ռոգանի հետ Մասկի զրույցի ժամանակ, որում նա սոցիալական ապահովությունն անվանեց «բոլոր ժամանակների ամենամեծ ֆինանսական բուրգը»: Մի քանի շաբաթ անց միլիարդատերը կրկին խոսեց սոցիալական ապահովության մասին՝ այս անգամ Fox Business-ի հաղորդավար Լարի Քուդլոուի հետ հարցազրույցում։
Քննարկելով սոցիալական ապահովության ծախսերը, որոնք նա համարում է վատնում կամ խարդախություն, Մասկն ասել է, որ ծրագիրը «լուրջ կազմալուծման կարիք ունի»: Միլիարդատերը հիշատակել է 2024 թվականի կառավարության հաշվետվողականության վարչության զեկույցը, ըստ որի, ամբողջ դաշնային կառավարությունը կարող է կորցնել «տարեկան 233-521 միլիարդ դոլար խարդախության պատճառով»:
«Սոցիալական նպաստների ծախսման հետ կապված վատնումները և խարդախությունները, որոնք դաշնային ծախսերի մեծ մասն են կազմում, սոցիալական նպաստներն են, ուստի դրանք պետք է վերացվեն», - ասել է նա:
Թրամփի խորհրդականը խոստովանել է, որ իրենք տեղեկացվել են Մասկի մեկնաբանությունների հետ կապված «արտաքին անհանգստությունների» մասին:
Թրամփի դաշնակիցները, այդ թվում՝ Ուոլ Սթրիթից, կորպորատիվ Ամերիկայից և Կոնգրեսից ոմանք, Սպիտակ տանը և անգամ անմիջականորեն նախագահին հայտնել են, որ Մասկին կամ պետք է հեռացնել եթերից, կամ նա պետք է ըստ սցենարի խոսի։
Սպիտակ տան ներկայացուցիչը, որը, ինչպես այս հոդվածի մյուս մասնակիցները, խնդրել է չհրապարակել իր անունը, հայտնել է, որ իրենք ըմբռնումով են վերաբերվում որոշ հանրապետականների մտահոգություններին, որոնք սոցիալական ապահովության վերաբերյալ Մասկի մեկնաբանությունները համարում են պոտենցիալ խնդրահարույց և անհանգստացնող որոշ տարեց քաղաքացիների շրջանում:
«Իհարկե, նրանք չեն ուզում, որ իրենց սոցիալական ապահովությունը կրճատվի։ Ուստի, եթե նրանք լսեն լուրերում, որ Իլոն Մասկն ասում է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք սոցիալական ապահովության հետ կապված, իհարկե, կարող են լինել որոշ մտահոգություններ: Բայց միակ բանը, որ նրանց պետք է մտահոգի, այն է, թե ինչ է ասում և ինչ է անում ԱՄՆ նախագահը։ Սոցիալական ապահովությանը մենք չենք անդրադարձել։ Մենք չենք պատրաստվում դիպչել սոցիալական ապահովությանը»,- նշել է նա։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Մասկի անձնական կարծիքը սոցիալական ապահովության հարցում չի ազդում Թրամփի քաղաքականության վրա:
Հանրապետական օրենսդիրը, որը տեղյակ չէր Սպիտակ տուն կատարված զանգերից, ասել է, որ Մասկի արհամարհական վերաբերմունքը սոցիալական ապահովության նկատմամբ, այդուհանդերձ, նյարդայնացնում է մարդկանց:





























