Ռուսաստանի ԱԳՆ-ում, դեկտեմբերի 23-ին, կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության եւ զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը եւ նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ եւ երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին: Հատուկ ուշադրության են արժանացել ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձեւի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը:
Հանգամանալից անդրադարձ է կատարվել ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման եւ նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին: Կողմերը ներկայացրել են իրենց նկատառումները` կապված Զենքի առեւտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ:




























