Թուրք-իսրայելական հարաբերությունները դժվար թե կարգավորվեն մոտ ապագայում: Այսօր` դեկտեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք է հայտնել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Երկու երկրների հարաբերությունները շարունակում են բարդ մնալ եւ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում դրանք մեղմացնելու ուղղությամբ, սակայն դեռ չի կարելի խոսել այդ հարաբերությունների վերականգնման մասին»,-ասաց նա:
Անդրադառնալով Կիպրոսի ափերի մոտ, Թուրքիայի եւ Իսրայելի կողմից նավթի ու գազի որոնողական աշխատանքներին, փորձագետը նշեց, որ Անկարան բացահայտ կերպով խախտում է միջազգային իրավունքի նորմերը: «Թուրքիան ոչ միայն պայմանագիր է կնքել չճանաչված երկրի հետ, այլ նաեւ այդ երկիրը Թուրքիային թույլ է տվել նավթի որոնողական աշխատանքներ իրականացնել Կիպրոսի ափերի մոտ»,-հայտարարեց Սաֆրաստյանը:
Հիշեցնենք, որ Իսրայելը Կիպրոսի հետ համատեղ նախատեսում է շահագործել գազի Leviathan հանքը:




























