Եվրամիությունը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման եւ դրան հաջորդած բողոքի ակցիաների ֆոնին, ամենայն հավանականությամբ, կոշտ դիրքորոշում չի ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ, քանի որ այդ երկիրը համարում է կարեւոր դաշնակից։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ըստ անանուն եվրոպացի դիվանագետի՝ ԵՄկարող է մեծ նշանակություն չտալ Թուրքիայի քաղաքական իրավիճակին, քանի որ երկիրը համարում է իր ամենակարեւոր գործընկերը միգրացիայի, առեւտրի, պաշտպանության եւ էներգետիկայի ոլորտներում։ Համայնքը բազմամիլիարդ դոլարների սուբսիդիաներ է հատկացնում Թուրքիային, մասնավորապես, երկիրը ստացել է մոտ 9 միլիարդ եվրո օգնություն Մերձավոր Արեւելքից փախստականներին տեղավորելու համար։ Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2023թ. վերջին Բրյուսելի եւ Անկարայի միջեւ երկկողմ առեւտրի ծավալը կազմել է գրեթե 206 մլրդ եվրո։ Համաձայն Պաշտպանության մասին ԵՄ Սպիտակ գրքի՝ Թուրքիան, որպես ԵՄ թեկնածու երկիր, կարող է 800 մլրդ եվրոյի համատեղ պաշտպանական գնումներ ստանալ՝ համայնքի պաշտպանական ծախսերը մեծացնելու համար նախատեսված միջոցներից: «Իմամօղլուի ձերբակալությունից առաջ ստեղծված ստատուս քվոն հարմար էր ԵՄ-ին, քանի որ այնտեղ բավականաչափ ժողովրդավարություն կար: Ինչ էլ որ նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) անի, Եվրոպան պետք է համաձայնի դրան»,- ասել է Օքսֆորդի համալսարանի դասախոս Դիմիտար Բեչեւը:

Հունաստանն ու Կիպրոսն ավելի շատ կողմ են Թուրքիայի դեմ պատժամիջոցներին, քան ԵՄ մյուս երկրները։ Երկու պետությունները ցանկանում են օգտվել այն դրույթից, որ դաշինքի պաշտպանական ռազմավարությունը պետք է իրականացվի «առանց անդամ պետությունների անվտանգության եւ պաշտպանական քաղաքականությանը վտանգի ենթարկելու», ասել են երկու անանուն դիվանագետներ: Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Միխալիս Հաջիպանթելասը կոչ է արել «նպատակային պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի դեմ։

Սակայն նման զարգացումը քիչ հավանական է։ «Մենք, իհարկե, կպաշտպանենք Թուրքիայի ներկա իրադարձությունները դատապարտող կոշտ դիրքորոշումը, բայց մենք դրան չենք մղի: Պաշտպանական արդյունաբերությունը մնում է գլխավոր մարտահրավեր Եվրոպայի համար, եւ դա ճանապարհ է բացում փոխզիջման քաղաքականության համար, որը մենք տեսնում ենք»,- ասել է հույն բարձրաստիճան պաշտոնյան: