Ռուսական բանակի ստորաբաժանումները շուտով պետք է ստանան FPV անօդաչու թռչող սարքի նոր մոդել, որը կկատարի հակաօդային պաշտպանության խնդիրներ։ Ինչպես պարզաբանել են «VVZ Drones» կոնստրուկտորական բյուրոյի մասնագետները, նոր արտադրանքը նախատեսված է ծանր անօդաչու թռչող սարքերի եւ ուղղաթիռների դեմ պայքարելու համար։

Ի տարբերություն նախկինում ներկայացված այս դասի լուծումների՝ «Սիֆան» կարող է ունենալ բավական հզոր լիցք, որը թույլ կտա ոչնչացնել ծանր տեսակի անօդաչու սարքեր եւ նույնիսկ մարտական ​​ուղղաթիռներ, թեեւ այն նաեւ կարող է խոցել կոմպակտ FPV անօդաչու սարքեր, ինչի կարիքը, սակայն, այնքան էլ չկա, գրել է «Տեխկուլտը»։

Ինչպես հավաստիացրել է «VVZ Drones»-ը, նոր մշակումը, ըստ էության, հակաօդային պաշտպանության լիարժեք համակարգի անալոգն է, որն ունի անհրաժեշտ քանակությամբ մարտագլխիկ՝ մեծ թիրախներին, այդ թվում՝ ուղղաթիռներին կրիտիկական վնաս հասցնելու համար:

«Սիֆան» կարող է զարգացնել մինչեւ 225 կմ/ժ արագություն եւ օդում մնալ մոտ 5 րոպե, իսկ մարտագլխիկի քաշը հասնում է 700 գրամի։ Անօդաչու թռչող սարքը, որը դիմացկուն է ռադիոէլեկտրոնային պայքարի սարքավորումների հանդեպ, ունի առաջավոր առաջնորդման համակարգ, որը թույլ է տալիս ավտոմատ կերպով ճանաչել թիրախը, արագ թիրախավորել այն եւ հարվածել:

Փաստացի, «Սիֆա» մոդելի անօդաչու թռչող սարքը, որն աշխատում է էլեկտրոնային հետախուզական սարքավորումների հետ, պարզապես պետք է օդ բարձրանա, «տեսնի» համապատասխան թիրախը եւ այն բանից հետո, երբ օպերատորը սեղմի ընդամենը մեկ կոճակ, ինքնուրույն կատարի օդային օբյեկտի ոչնչացման խնդիրը: