Ամանորը գումար աշխատելու հիանալի հնարավորություն է շոու բիզնեսի ներկայացուցիչների համար: Նրանց տարբեր ռեստորաններից, ժամանցի կենտրոններից, կորպորատիվ միջոցառումներից հրավիրում են երգելու կամ անցկացնելու ամանորյա շոու-ծրագիրը: NEWS.am-ը փորձել է պարզել, թե հայ աստղերից ովքեր են աշխատելու Ամանորի գիշերը, որտեղ եւ ինչքան են վարձատրվելու:
Կատակերգու դերասան Հովհաննես Ազոյանը Ամանորը տանն է անցկացնելու, չի աշխատելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ բազմաթիվ հրավերներ են եղել հեռուստաընկերություններից, ռեստորաններից, բայց ինքը մերժել է: Այդպիսի կորպորատիվ միջոցառումների, իր խոսքով, նա մասնակցում էր երիտասարդ տարիներին: «Այն գումարը, որը ինձ պետք է, չեն կարող տալ»,- ասաց Հովհաննես Ազոյանը: Հարցին, թե Ձեզ որքա՞ն գումար է պետք, դերասանը պատասխանեց, որ այդ մասին չի կարող ասել` մեր առողջության մասին մտածելով:
Երգչուհի Նունե Եսայանը Ամանորի գիշերը եւս չի աշխատելու, չնայած բազմաթիվ հրավերներ է ստացել, բայց բոլորն էլ մերժել է` տանը անցկացնելու համար: Նա միայն կմասնակցի դեկտեմբերի 31-ի երեկոյան Հանրապետության հրապարակում կայանալիք միջոցառմանը: Ի դեպ, երգչուհին նշեց, որ երկար տարիներ է` չի մասնակցում կորպորատիվ միջոցառումների, բայց եթե շատ մեծ գումար առաջարկեին, կմասնակցեր ընտանիքի հետ միասին:
Երգիչ, դերասան Արսեն Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ամանորին աշխատելու համար իրեն եւս բազմաթիվ հրավերներ են եղել, բայց այդպես էլ համաձայնության չեն եկել ոչ մեկի հետ` պայմանավորված ժամկետների առումով: Երգչի խոսքով`Ամանորի գիշերվա հետ կապված իր մոտ ամեն ինչ անկանխատեսելի է լինում: «Լինում է, որ ամսի 31-ին ես լքում եմ երկիրը կամ քաղաքը, ուստի չգիտեմ` ոնց կլինի: Այս պահի դրությամբ ես լինելու եմ Հայաստանում, բայց թե ինչ կպարզվի դեկտեմբերի 31-ին, չեմ կարող ասել: Ես չգիտեմ` այստեղ կլինեմ, թե չէ: Ես սիրում եմ Նոր տարին նոր քաղաքներում դիմավորել»,- նշեց դերասանը: Արսեն Գրիգորյանը եւս չցանկացավ ասել, թե Ամանորի գիշերը երգելու կամ ծրագիրը վարելու համար ինչքան գումար է պահանջում` պատճառաբանելով, որ դեռ գումար չի աշխատել, երբ աշխատի, կասի:
Երգիչներ Ռազմիկ Ամյանի եւ Մարտին Մկրտչյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Ամանորի գիշերը երկուսն էլ աշխատելու են: Ռազմիկ Ամյանը մեկնելու է Մոսկվա եւ ելույթ է ունենալու այնտեղի «Երեւան» ռեստորանում, իսկ Մարտին Մկրտչյանը այդ գիշեր մի քանի տեղ է ելույթ ունենալու` Ծաղկաձորում` «Մուլտի ռեստում» եւ «Ոսկու աշխարհում», ինչպես նաեւ Դիլիջանում` «Դիլիջան հյուրանոցում»: Ինչ վերաբերում է նրանց վաստակած գումարներին, ապա պրոդյուսերը եւս նպատակահարմար չգտավ դրանք հրապարակել. «Մենք մի երգով երբեւիցե ոչ մի տեղ չենք գնացել, գնում ենք երկար ժամանակով: Մենք ունենք ինչ-որ մի գին, որը մեր գինն է»,- ասաց պրոդյուսերը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու Ռազմիկ Ամյանը որոշեց գնալ Մոսկվա, նա նշեց, որ չնայած այստեղից բազմաթիվ հրավերներ ուներ, բայց Մոսկվայից հրավերը եղել է ավելի վաղ: Ի դեպ, Ռազմիկ Ամյանը Մոսկվա է գնալու ոչ թե ընտանիքով, այլ երաժշտական բենդով:
Դերասան Աշոտ Ղազարյանը եւս Ամանորը Հայաստանում չի նշելու: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ գրեթե ամեն տարի կնոջ հետ Ամանորը արտերկրում են դիմավորում: Նա նշեց, որ չնայած Ամանորի գիշերը բազմաթիվ հրավերներ է ունենում, բայց երկար տարիներ է` չի աշխատում: «Առանց այդ էլ հոգնած եմ լինում, չեմ ուզում էդպես հոգնած էլ սկսել աշխատել»,- ասաց Աշոտ Ղազարյանը: Հարցին, իսկ ֆինանսապես շատ շահավետ առաջարկներ չեն լինում, որ գայթակղվեք եւ աշխատեք, նա նշեց, որ միանգամից մերժում է, հարցը գումարին էլ չի հասնում:
Երգչուհի Սիլվա Հակոբյանի հայրը եւ նրա պրոդյուսերը` Հակոբ Հակոբյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի Ամանորին Իրանում են լինելու, այնտեղ համերգ են ունենալու: Երգչուհու հայրը նշեց, որ Ամանորի գիշերը երգելու համար դստերը երեւանյան ժամանցի կենտրոններից հրավիրել են, բայց ընտանիքներով, ընկերներով մեկնում են Իրան: «Ֆինանսապես համարյա հավասար պայմաններն էր, ուղղակի մենք շատ ենք, ընտանիքներով, ընկերներով, ուզում ենք գնալ, որ նաեւ Հայաստանից դուրս գանք, հանգստանանք եւ վերադառնանք»,- նշեց Հակոբ Հակոբյանը: Ինչ վերաբերում է երգչուհի դստեր վաստակած գումարներին, ապա նրա խոսքով, թե քանի երգ կերգի Սիլվա Հակոբյանը եւ որքան գումար կպահանջի դրա համար` կախված է միջոցառումից, միջավայրից եւ այլն: «Հայաստանում դա չնչին գումարներ են, պետք է մի 4-5 տեղ գնա, որ հարմար մի գումար աշխատեն, շարունակեն իրենց ստեղծագործական կյանքը: Եթե դա լիներ շատ մեծ գումարներ, կասեինք»,- ասաց Հակոբ Հակոբյանը` ի պատասխան մեր հարցին նշելով, որ Սիլվա Հակոբյանի դեպքում մեկ երգը 1000 դոլարից ավել է:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























