Հայաստանի ազգային հավաքականում տաղանդավոր ֆուտբոլիստներ շատ են: Սակայն աշխատասիրությամբ, հատկապես, աչքի է ընկնում հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը: 2010թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը այս տարի Փյունիկից տեղափոխվեց Դոնեցկի Մետալուրգ, որտեղ շարունակում է հաջող ելույթները:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Կառլեն Մկրտչյանի հետ:

Կառլեն ինչպե՞ս դասավորվեց քեզ համար 2011 թվականը:

Ազգային հավաքականում նպատակը Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարում խաղալն էր, եւ այդ նպատակին մենք շատ մոտ էինք: Արդյունքի տեսանկյունից, մենք չհասանք մեր նպատակին, բայց հավաքականը լավ ֆուտբոլ ցուցադրեց: Ես հույս ունեմ, որ այսուհետեւ ազգային հավաքականը կխաղա այդպես եւ երկրպագուներին կուրախացնի ոչ միայն լավ խաղով, այլ նաեւ վերջնական արդյունքով: Իմ խաղին ես գնահատական չեմ տա: Դրա համար կան մարզիչներ եւ մասնագետներ: Բայց ասեմ, որ չեմ պատրաստվում բավարարվել սրանով եւ կշարունակեմ աշխատել իմ խաղի վրա:

Մետալուրգում դու երբեմն չէիր հայտնվում մեկնարկային կազմում: Սո՞ւր է մրցակցությունը:

Մետալուրգում բոլոր դիրքերում է մեծ մրցակցություն: Պետք է շատ աշխատել, որպեսզի խաղալ հիմնական կազմում: Խաղադաշտ է դուրս գալիս այն ֆուտբոլիստը, որն ավելի լավ մարզավիճակում է: Երբեմն, կախված մրցակցից, մարզիչները մարտավարական նկատառումներով խաղադաշտ են դուրս բերում համապատասխան կազմ: Ես ձգտում եմ լավ պատրաստված լինել յուրաքանչյուր խաղին: Տեղը հիմնական կազմում պետք է նվաճել խաղով:

Ո՞րն էր ազգային հավաքականի լավագույն խաղը Եվրո-2012-ի ընտրական մրցաշարում:

Լավ խաղերը մի քանիսն էին: Բայց ցանկանում եմ նշել Սլովակիայի հետ արտագնա խաղը: Մեր թիմը գրագետ եւ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրեց եւ ուժեղ մրցակցին հաղթեց խոշոր հաշվով:

Ինչպե՞ս հարմարվեցիր Դոնեցկին Երեւանից հետո:

Բնականաբար, ամեն ինչ չէ, որ անմիջապես ստացվեց: Ինձ օգնում էր Հենրիխ Մխիթարյանը, որն արդեն երկու տարի է Դոնեցկում է: Այնուհետեւ աստիճանաբար ընտելացա: Հիմա ամեն ինչ նորմալ է:

Նաեւ առավելություն է, որ թիմում խաղում են ազգային հավաքականի իմ թիմակիցներ Գեւորգ Ղազարյանն ու Մարկոս Պիզելին: Հավաքականի համար եւս օգտակար է, երբ երեք խաղացողներ հանդես են գալիս նույն ակումբում: Խաղադաշտում եւ կենցաղում ընկերները միշտ լրացուցիչ ուժ են հաղորդում: Հենց նրանց շնորհիվ ես արագ հարմարվեցի Մետալուրգում:

Ո՞րն է քո երազանքը ֆուտբոլում:

Երազանք էր Եվրո-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալը: Չհաջողվեց, բայց երազանքը չի մահացել: Այժմ երազանք է աշխարհի առաջնության ընտրական փուլը հաղթահարելը: Դրա համար մենք կանենք հնարավոր ամեն ինչ: Մենք արդեն հավատում ենք դրան: Ամեն ինչ ապացուցված է խաղով: Տա Աստված ամեն ինչ իրականանա:

Տեղափոխությունը Մետալուրգ փոխե՞լ է քո ֆուտբոլային մտածողությունը:

Իհարկե, փոխվել է: Գաղտնիք չէ, որ Ուկրաինայի առաջնությունն շատ ավելի ուժեղ է Հայաստանի առաջնությունից: Այստեղ կան ավելի շատ ուժեղ ակումբներ եւ բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ամեն ինչ նշանակություն ունի` ստադիոնները, ֆինանսները, ենթակառուցվածքը: Ինձ հաճելի է խաղալ այդպիսի առաջնությունում: Մետալուրգն ինձ համար լավ թիմ է, եւ ես մտածում եմ միայն այդ թիմի մասին:

Դոնեցկում քեզ մենակ չես զգո՞ւմ: Դու դեռ չես ամուսնացել եւ մենակ ես ապրում:

Կա նման բան: Բայց ամուսնանալու մասին դեռ չեմ մտածում: Առայժմ ամեն ինչ կապված է ֆուտբոլի հետ: Իսկ մենակ չզգալ օգնում են ընկերներս:

Զրուցեց Խաչիկ Չախոյանը