Նիգերիայում կաթոլիկական Սուրբ ծննդի օրը քրիստոնեական եկեղեցու մոտ որոտացած պայթյունը կազմակերպելու մեջ կասկածվող երկու անձ է ձերբակալվել: Պայթյունի հետեւանքով 27 մարդ զոհվել էր: Այս մասին տեղեկացրել է նիգերական կառավարությանն առընթեր ազգային անվտանգության խորհրդական Օվոյե Ազազին:

Ազազին հայտնել է, որ կասկածյալները «բոլորի աչքի առաջ ընթացել են ավտոմեքենայով», որից էլ ռումբ են նետել եկեղեցու ուղղությամբ: Ըստ նրա` ավտոմեքենայում երեք մարդ է եղել, բայց նրանցից մեկը զոհվել է պայթյունի հետեւանքով:

Ազազիի վարկածը տարբերվում է տեղի լրատվամիջոցների վարկածից, որոնք ավելի վաղ նշել էին, որ ղեկի մոտ միայնակ մահապարտ է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, դեկտեմբերի 25-ի առավոտյան Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի ծայրամասում գտնվող Սուրբ Թերեզայի եկեղեցում պայթյուն է որոտացել` խլելով 27 մարդու կյանք: Ավելի ուշ երկրում եւս երկու պայթյուն էր որոտացել` դարձյալ եկեղեցում: Զոհերի ընդհանուր թիվը, վերջին տվյալներով, հասել է 40-ի:

Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական արմատական «Բոկո Հարամ» խմբավորումը: Անցած տարի եւս այս խմբավորումը կաթոլիկական Սուրբ ծննդի օրը մի շարք ահաբեկչություններ էր կազմակերպել:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Նիգերիայում տեղի ունեցած ահաբեկչությունները եւ բոլոր երկրներին կոչ արել օգնել նիգերական իշխանություններին մեղավորներին գտնելու եւ պատժելու հարցում: