Հյուսիսային Կորեայի հանգուցյալ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահը սգում են ոչ միայն մարդիկ, այլեւ կենդանիները: ԿԺԴՀ պետական հեռուստատեսությունը «Մեծ առաջնորդի մահը սգացող» թռչունների մասին տեսանյութ է ցուցադրել: Սգացող թռչունների մասին ռեպորտաժը հայտնաբերել է բրիտանական The Daily Telegraph թերթը:

Սյուժեում երեւում է, թե ինչպես են մի քանի կաչաղակներ փքված, գրեթե անշարժ վիճակում թառել  Կիմ Չեն Իրի հոր` հյուսիսկորեական պետության հիմնադիր Կիմ Իր Սենի` Պհենան-Պուկտո նահանգում գտնվող հուշաքարի մոտի ծառին: Տեղի բնակիչների խոսքով` թռչունները հուշարձանի մոտ են եկել դեկտեմբերի 18-ին` ԿԺԴՀ առաջնորդի մահվան հաջորդ օրը:

Տեղի բնակիչները համոզված են, որ թռչունները իրենց հետ սգում են ազգային առաջնորդի մահը: Կորեացիներից մեկը նշել է, որ երբեք նման բան չի տեսել: «Դա նշանակում է, որ բնությունը, ինչպես նաեւ մարդկությունը, չեն կարողանում մոռանալ մեր առաջնորդին», - ասվում է ռեպորտաժում: