ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանի կարծիքով ԲՀԿ-ն չի հաղթի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին այսօր` դեկտեմբերի 27-ին, տնտեսագիտական համալսարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հովիկ Աբրահամյանը: Այնուհետեւ արձագանքելով  ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի հնարավորության հարցին նշեց, որ քաղաքականության մեջ չպետք է ոչ մի բան բացառել, բայց նման հարց դեռ չի քննարկվել, եւ համոզված է, որ առաջիկայում դա հայտնի կլինի հանրությանը:

Ըստ Հովիկ Աբրահամյանի, ՀՀԿ-ն այժմ զբաղված է 2012թ. ընտրությունների կազմակերպչական, նախապատրաստական աշխատանքներով: Նա կոչ արեց բոլորին, որպեսզի արթնանան, ովքեր որ քնած են, կողմնորոշվեն, որովհետեւ հունվարից սկսած իրենք մեծ աշխատանք են իրականացնելու եւ Հանրապետական կուսակցությունը, այն, ինչ պլանավորել է, ծրագրել է, փորձելու են իրականացնել եւ հաջողություններ գրանցել 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում: Հարցին, թե հնարավո՞ր է, որ  ինքն առաջադրվի մեծամասնական ընտրակարգով, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ իր առաջադրվելու հարցը կորոշեն կուսակցությունով միասին, սակայն դեռ ոչ մի քննարկում չի եղել այդ հարցի շուրջ: Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաեւ ԱԺ նոր նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը, թե ԱԺ-ում նախկինում խախտումներ են եղել: «Ես նման հայտարարությունից տեղյակ չեմ, ես բացառում եմ, որ Նիկոյանը նման հայտարարություն անի: Ավելին` ես բացառում եմ, որ մենք որեւէ խախտում իրականացրած լինենք, իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի որոշ աշխատողների հեռանալուն, իրենք են որոշում, եւ ես բոլորի որոշումները հարգում եմ»,-ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ է խնդրելու Ձմեռ Պապից եւ որտեղ է դիմավորելու Նոր տարին ասաց, որ դեռ չի որոշել, որտեղ կդիմավորի, իսկ Ձմեռ պապից խնդրելու է ուժ եւ կորով: