Սիրիան զարմացած է Թուրքիայի դիրքորոշումից: Այդ մասին դեկտեմբերի  28-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր լիազոր Մամուն Հարիրին: 

Նրա խոսքով, պատմականորեն այնպես է դասավորվել, որ Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները կրել են լարված եւ բացասական բնույթ: Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ «Արդարություն եւ Զարգացում»  կուսակցության իշխանության գալուց եւ նրա կողմից «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության հռչակումից հետո, հարաբերությունները սկսվել են փոքր-ինչ փոխվել եւ նույնիսկ շատ բարձր մակարդակի վրա են եղել: Կայացել են հանդիպումներ բարձր մակարդակով, ստորագրվել են ավելի 50 քան պայմանագրեր, ստեղծվել է ռազմավարական խորհուրդ: Այդ ենթատեքստում սիրիացի դիվանագետը նշել է, որ Թուրքիայի եւ Սիրիայի միջեւ սահմանը ձգվում է մոտ 900 կմ, երկու կողմերում էլ ապրում են բարեկամներ, իսկ գետերի մեծ մասը, որից Սիրիան ջրային ռեսուրսներ է ստանում, հոսում է Թուրքիայից:

«Այդ ամենը հաշվի առնելով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արձագանքեց Էրդողանի կոչերին եւ դա համարեց լավ առիթ` հարաբերություններում նոր էջ բացելու համար: Սակայն Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը Սիրիայի մոտ, նվազագույնը, զարմանք է առաջացնում, մասնավորապես այն հանգամանքը, որ Թուրքիան ապաստան է տվել սիրիական արտաքին ընդդիմությանը եւ որոշ ահաբեկիչների»,-ասել է դիվանագետը` նշելով, որ Հայաստան գալուց առաջ գլխավոր հյուպատոս է աշխատել Ստամբուլում:

Նրա խոսքով, Թուրքիան պատերազմի մեջ է գտնվում իր երկրի հարավ-արեւելյան շրջանների հետ: Եւ նախքան ուրիշներին խորհուրդ տալը, Թուրքիան նախեւառաջ թող գլուխ հանի իր սեփական խնդիրներից:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան` դիվանագետը նշել է, որ իշխանության հասնելով, Էրդողանը փորձում էր խաղալ արաբ ժողովրդի զգացմունքների հետ, որը հատկապես դրսեւորվեց «Ազատության» նավատորմիղ ուղարկելու ժամանակ, եւ ժամանակին լավ արձագանք  գտավ արաբական երկրներում:

Հարիրին նաեւ նշել է Թուրքիայի փոփոխական դիրքորոշումը Լիբիայի հարցում եւ հիշեցրել է, որ Թուրքիան վերջանականապես կողմորոշվեց, երբ պարզ դարձավ, որ Քադաֆիի վերջն եկել է. «Մենք հույս ունեինք, որ Թուրքիան անկեղծ դիրքորոշում կորդեգրի, բայց նա ետ կանգնեց իր սկզբունքներից, չեմ կարծում, որ մեր հարաբերությունները հեշտությամբ կվերադառնան նախկինին»:

Նա նաեւ նշել է, որ իր հայ ընկերներից մեկից լսել է, որ Սերժ Սարգսյանի տատիկը խորհուրդ է տվել չհավատալ թուրքերին. «Ցավոք սրտի, մենք հավատացինք»: