ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է 90 օրով դադարեցնել առեւտրային նոր մաքսատուրքերը՝ նոր ֆինանսական ճգնաժամի մտավախության պատճառով, որը, ի տարբերություն 2008 եւ 2020թթ., ուղղակիորեն կապված կլինի Սպիտակ տան ղեկավարի գործողությունների հետ։ Այս մասին հայտնել է New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով աղբյուրներին։

Ինչպես նշել է պարբերականը, Սպիտակ տունը վախենում է համաշխարհային ֆոնդային եւ ապրանքային շուկաների հետագա փլուզումից եւ խուճապից ֆինանսիստների շրջանում, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից եւ լուրջ վնաս հասցնել տնտեսությանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ե ւֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը պնդում էին, որ Վաշինգտոնի ռազմավարությունն առեւտրային պատերազմում պետք է լինի հստակ մշակված եւ ուղղված Չինաստանի մեկուսացմանը եւ այն տպավորության ստեղծմանը, որ Միացյալ Նահանգներն իբր վճռական է տրամադրված առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտի դեմ պայքարում։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտնել է 185 երկրների եւ տարածքների ապրանքների համար մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտել 10 տոկոսի համընդհանուր, ապրիլի 9-ից՝ անհատական մաքսատուրքերը, բացի այդ, ԱՄՆ վարչակազմը ապրիլի 3-ից ներմուծվող բոլոր մեքենաների համար սահմանել է 25 տոկոս մաքսատուրք։

Ապրիլի 9-ին Թրամփը հայտնել է, որ 90 օրով կդադարեցնի մաքսատուրքերի բարձրացումը այն երկրների համար, որոնք բանակցություններ վարելու պատրաստակամություն են ցուցաբերել։ Դրանց վրա կգործեն ներմուծման 10 տոկոս մաքսատուրքերը։ Բեսենթն ընդգծել է, որ կասեցումը վերաբերում է Կանադային եւ Մեքսիկային։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ առաջնորդը Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչեւ 125 տոկոս: