«Սենեժ» արհեստանոցի հիման վրա կստեղծվի նոր բաժին՝ «Դիգորիա» քաղաքական կրթության արհեստանոց, ՌԲԿ-ին հայտնել է ՌԴ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրը, եւ այն հաստատել է զրուցակիցն այդ գերատեսչությունում։
Այն կզբաղվի գաղափարական բնույթի կրթական ծրագրերով «հասարակական եւ քաղաքական ոլորտի երիտասարդ աշխատողների» համար (ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ քաղաքագետների եւ քաղտեխնոլոգների համար)։
«Սենեժը» լրացուցիչ կրթության ինստիտուտ է, որը սերտորեն համագործակցում է նախագահի աշխատակազմի ներքին քաղաքականության բլոկի հետ։ Փաստորեն, նա արհեստանոցի հիմնական պատվիրատուն է։
Ինչպես հայտնել է ՌԲԿ-ն, «Սենեժ» բազայի հիման վրա անցկացվել է ուսուցում «Նահանգապետերի դպրոց» եւ «Հերոսների ժամանակը» ծրագրի մասնակիցների համար, պարբերաբար անցկացվում են նաեւ սեմինարներ փոխնահանգապետերի համար ներքին քաղաքականության վերաբերյալ։
Վերջին անգամ «Սենեժում» անցկացվել է երիտասարդ քաղաքագետների «Դիգորիա» ֆորումը։ 2023թ. ֆորում է այցելել նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, որն այնուհետեւ առաջարկել է երիտասարդ քաղաքագետներին մասնակցել «գաղափարական պատերազմին», որի շրջանակներում նրանք պետք է հակադրվեն արեւմտյան երկրների ներմուծած «գաղափարներին»։ «Դիգորիա» անվանումը կապված է այն բանի հետ, որ երբ ֆորումը դեռեւս չէր գրավել դաշնային իշխանությունների ուշադրությունը, այն անցկացվում էր Հյուսիսային Օսիայի տարածքում. Դիգորիան պատմական շրջան է հանրապետության արեւմուտքում։
Նախագծի հայեցակարգի վրա աշխատել են «Քաղաքական կրթություն եւ քաղաքացիական իրազեկում» ծրագրի մասնակիցները: Նրա տնօրենն է Անտոնինա Սելեզնյովան, որն աշխատում է Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտում (ՍՀՓԻ), վերլուծական կենտրոն, որն աշխատում է նախագահի աշխատակազմի հետ:
«Սենեժի» շրջանակում նոր կառույցի ղեկավարը կլինի Զաուրբեկ Խուգաեւը, որը նախկինում ղեկավարել է ֆորումը կազմակերպող «Դիգորիա» պլատֆորմը։ ՌԲԿ աղբյուրները քաղաքական կրթության նոր արհեստանոցը համեմատում են ԽՍՀՄ Կոմերիտմիության դպրոցի հետ։ «Սա կլինի նրա ժամանակակից անալոգը սոցիալ-քաղաքական ոլորտի երիտասարդ մասնագետների եւ երիտասարդական քաղաքականության ադմինիստրատորների համար»,- նշել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը: Նրա խոսքով՝ ծրագրի մասնակիցները «կանցնեն ե՛ւ գաղափարական վերապատրաստում, ե՛ւ երիտասարդական կազմակերպությունների կառավարման եո քաղաքական գործընթացներին մասնակցելու մասնագիտացված գիտելիքներ սկտանան»։





























