ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի՝ ապրիլի 15-ին, իր առաջին հրապարակային ելույթն է ունեցել բարձրագույն կառավարական պաշտոնը թողնելուց հետո։ Սպիտակ տան նախկին ղեկավարը սուր քննադատության է ենթարկել Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի քաղաքականությունը։

«100 օրվա ընթացքում այս վարչակազմն այնքան մեծ վնաս և ավերածություն է արել, պարզապես ապշեցուցիչ է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան արագ», - ասել է Բայդենը Չիկագոյում հաշմանդամության պաշտպանների համաժողովում: «Մենք երբեք այսքան պառակտված չենք եղել»,- հավելել է նա։

82-ամյա քաղաքական գործիչը խոսել է խռպոտ ձայնով և երբեմն կակազել է։ Ըստ AFP-ի՝ նախկին նախագահը «ժամանակ առ ժամանակ ծերության նշաններ է ցույց տվել, որոնք դրդել են նրան հրաժարվել նախընտրական արշավից»։ Բայդենը «դժվարությամբ էր գլուխ հանում հանպատրաստից կատակներից» և հաճախ ընդհատում իր խոսքը՝  «ամեն դեպքում» պարազիտ բառով», նշել է գործակալությունը։ Նախկին նախագահը Թրամփին անունով չի կոչել, այլ նրան անվանել է «այդ տղան»։

«Նրանք կացնային որոշումներ են  կայացրել Սոցիալական ապահովության վարչությունում՝ դռնից դուրս շպրտելով 7000 աշխատակցի»,- ասել է դեմոկրատը՝ նկատի ունենալով SSA-ը՝ ԱՄՆ ազգային գործակալությանը, որը վճարում է կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները: «Պատմության մեջ առաջին և միակ անգամ Սոցիալական ապահովության նպաստները կարող են հետաձգվել կամ ընդհատվել», - ասել է Բայդենը:

«Սոցիալական ապահովությունն ավելին է, քան կառավարության ծրագիր, սա սուրբ խոստում է, որը մենք տվել ենք որպես ազգ»,- ասել է նախկին նախագահը։

Նա դեմ է արտահայտվել Թրամփի վարչակազմի կառավարության ծախսերի կրճատմանը, ասելով, որ դրանք կվնասեն աղքատներին:

«Իսկ ի՞նչ անի 94-ամյա մայրը, ով ապրում է միայնակ և իր ընտանիքում միլիարդատեր չունի», - ասել է Ջո Բայդենը։