Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Հարվարդի համալսարանը, որին զրկել են 2,2 միլիարդ դոլար դաշնային դրամաշնորհներից, «պետք է ներողություն խնդրի ահռելի հակասեմիտիզմի համար, որը տեղի է ունեցել համալսարանում հրեական ծագման ամերիկացի ուսանողների նկատմամբ»:

Լևիթը վարչակազմի գործողությունները նկարագրել է որպես քոլեջի համալսարաններում հակասեմիտիզմը զսպելու փորձ: Սպիտակ տունը Հարվարդից պահանջում է վերացնել իր բազմազանության, հավասարության և ներառման ծրագրերը, արգելել դիմակներ դնել և վերանայել աշխատանքի ընդունելու պրակտիկան, հայտնում է CNN-ը։

Հարվարդի համալսարանը հրաժարվել է վերոնշյալ պահանջները կատարելուց, ինչից հետո Սպիտակ տունը սառեցրել է դրամաշնորհները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի սպառնացել է նաև ուսումնական հաստատությանը զրկել հարկերից ազատված կարգավիճակից, հայտնում է BBC-ն։

Սպիտակ տան մամուլի քարտուղարը միաժամանակ Հարվարդին և այլ ուսումնական հաստատություններին մեղադրել է Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի VI հատվածի խախտման մեջ, որն դաշնային ֆինանսավորում ստացողներին արգելում է ռասայական կամ ազգային ծագման հիման վրա խտրականությունը:

Ինչպես նշում է Reuters-ը, այդ օրենքով ֆինանսավորումը կարող է դադարեցվել միայն ամբողջական հետաքննության և լսումների, ինչպես նաև Կոնգրեսին 30-օրյա ծանուցումից հետո, ինչը Հարվարդի և Կոլումբիայի համալսարանի դեպքում չի արվել: Ընդ որում Կոլումբիայի համալսարանի ֆինանսավորումը դադարեցվել էր մարտին։ 

ԱՄՆ նախկին նախագահ, Հարվարդի շրջանավարտ Բարաք Օբաման երեքշաբթի ողջունել է Սպիտակ տան պահանջները մերժելու համալսարանի որոշումը։

«Հարվարդը օրինակ է ծառայել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար՝ մերժելով ակադեմիական ազատությունը ճնշելու այս անօրինական և անհեթեթ փորձը։ Հուսանք՝ նրա օրինակին կհետևեն նաև այլ [կրթական] հաստատություններ»,- գրել է Բարաք Օբաման X սոցիալական ցանցում։