Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ավելի վաղ Կատարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Մոսկվայի և Դամասկոսի միջև համագործակցությունը շարունակելու մտադրությունը։ Այս մասին Կատարի ղեկավարը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՌԴ մայրաքաղաքում բանակցությունների ժամանակ, գրում է Коммерсант-ը։

«Մենք նրա հետ քննարկել ենք Սիրիայի և Ռուսաստանի միջև պատմական կապերը, որոնք ռազմավարական բնույթ են կրել և ունեն»,- ասել է Ալ Թանին։ «Եվ նա վճռական է շարունակել այս համագործակցությունը, կառուցել փոխգործակցություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների շահերի նկատմամբ հարգանքի վրա»:

Կատարի էմիրը Մոսկվա է ժամանել հինգշաբթի՝ ապրիլի 17-ին: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ առաջնորդները կքննարկեն երկկողմ համագործակցության ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրի, տնտեսական և հումանիտար ոլորտների վրա, կանդրադառնան նաև ուկրաինական ճգնաժամին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Կատարի ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Թամիմ բեն Համադ Ալ Թանին ծրագրում է ռուս գործընկերոջ հետ քննարկել Սիրիայում, Գազայի հատվածում և Ուկրաինայում տիրող իրավիճակը։