Երբ 1980-ականներից սկսեց արցախյան շարժումը, բոլորս պատկերացնում էինք, որ  ստատուս քվոն երկար կտևի, որ Արցախում ամեն ինչ լավ է, ըստ երևույթին գնալով ավելի կլավանա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությանը, թե Ղարաբաղյան շարժումը շարունակելը կործանարար է Հայաստանի անկախության ինքնիշխանության համար։

Նա ընդգծեց, որ երբ ինքը 2019-ին դարձել է պատգամավոր նոր կարողացել է հասկանալ բանակցային գործընթացի հիմնական բովանդակությունը. «Եթե կարճ ասենք, ապա 30 տարիների ընթացքում Հայաստանը այդպես էլ չի կարողացել միջազգային հանրությանը համոզել, որ դա Լեռնային Ղարաբաղը չէ, դա Արցախի Հանրապետությունն է: Տարիների ընթացքում ժամանակը որպես գլխավոր ռեսուրս օգտագործել է Ադրբեջանը ավելի ուժեղացել է, դա են վկայում բանակցային փաստաթղթերը և այն, որ գնալով ուժեղացել են Ադրբեջանի դիրքերը և ավելի թուլացել են Հայաստանի դիրքերը, որը, ըստ էության, բանակցում էր նաև Արցախի փոխարեն։  Այս բանակցություններին ամենամեծ հարվածը թերևս եղել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, երբ Արցախը որպես կողմ դուրս է մնացել բանակցությունների գործընթացից։

Հայաստանի ներկայացուցիչնեևրը բանակցությունների գնալիս իրենց թիկունքում պետք է ունենան հզոր պետություն, հզոր տնտեսություն, հզոր բանակ։ Ժամանակի ընթացքում մենք այս ռեսուրսները կամ այս կարևոր գործոնները մի քիչ ավելի թուլացրել ենք, իսկ Ադրբեջանը գնալով ավելի ուժեղացել է, և արդյունքում եղել է այն, ինչ որ եղել է»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ հիմա ՔՊ-ն հայտարարում է, որ ունենք լավ տնտեսություն, բայց փաստացի արդեն չունենք Արցախ, Ստեփանյանն ասաց. «Ոչ թե մեկը մյուսի հետ անմիջական կապ ունի, այլ սրան նաև բազմաթիվ այլ գործոններ են նպաստել: Երբ 2018-ին տեղի ունեցավ հեղափոխությունը և մեր քաղաքական ուժը ուժը եկավ իշխանության, մեզանից որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 2020 թվական մենք կհայտնվենք պատերազմի առաջ։

Անընդհատ կա այս խոսակցությունը, թե Նիկոլ Փաշինյանը բերեց պատերազմը կամ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ հանգեցրեց դրան, կամ Շուշիում այնպիսի արտահայտություններ անեց, որից Ադրբեջանը բարկացավ, ջղայնացավ, սրանք ես կարծում եմ՝ անլուրջ խոսակցություններ են: Ես չեմ կարծում, որ Հայաստանը երբևէ ունեցել է այնպիսի ղեկավար, սկսած 1991 թվականից, որը կերազեր կամ իր քաղաքական ծրագրերի թագը կհամարեր, որ երբևէ իր ժամանակահատվածում տեղի ունենա պատերազմ։ ՀՀ բոլոր իշխանություններից որեւէ մեկը պատերազմ չի ուզել, արդ թվում Նիկոլ Փաշինյանը:

Շատ հաճախ քաղաքական ուժերի ծրագրերը հիմնականում պետք է բխեն ներկա իրավիճակից և այն միջազգային կոնյունկտուրայից, միջավայրից, որի ժամանակ մենք ապրում ենք։ Հասկանալի է, որ լավ կլիներ շարունակվեին բանակցությունները, լավ կլիներ, եթե Արցախը չհայաթափվեր, բայց այսօր սա է փաստը և մենք պարտավոր ենք մեր ներքին և արտաքին քաղաքականությունը բխեցնել հենց այս փաստերից»:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կգնա խաղաղության պայմանագրի ստորագրման եւ չի գնա նոր պատերազմի, ՔՊ-ական պատգամավորը նշեց. «Այս պահին Ադրբեջանը կրակում է, բայց մենք պատերազմի հիմք չենք տեսնում: Քանի կան բանակցություններ, թեկուզ դրանք այնքան էլ արդյունավետ չեն, այնքան էլ կառուցողական չեն, շատ հաճախ Ադրբեջանը ինքն է հրաժարվում բանակցություններից, մեզ առաջարկում է այնպիսի հարթակներ, որտեղ իր համար ավելի նպաստավոր պայմաններով կընթանան բանակցությունները, բայց մենք գնում ենք, որովհետև մենք հստակ հասկանում ենք, որ թեկուզ ամենավատ, ոչ կառուցողական բանակցությունը, ի վերջո շատ ավելի գերադասելի է, քան թեթև էսկալացիան, էլ չենք խոսում լայնամաշտաբ պատերազմի մասին»:

Լիլիթ Ստեփանյանը հայտարարեց, որ Արցախյան շարժման էջը փակելը իշխող ուժի առաջարկն է հանրությանը. «Այսինքն, այս պահից սկսած մենք չունենք սոցիալական հենարան, իսկ 2026-ը սարերի հետևում չէ։ Կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնք կասեն, որ մենք սխալ ենք և իրենք գտնում են, որ օրինակ Արցախյան շարժման էջը պետք է տաք փակել, անընդհատ պետք է խոսել արցախցիների վերադարձի իրավունքների մասին, խնդրեմ, այդ ամենը նրանք կարող են գրել իրենց նախընտրական ծրագրերում և 2026 թվականին առաջարկել հանրությանը: Գուցե հանրությանը նրանց ծրագրերին հավանություն տա»: