Հազվագյուտ հողային նյութերի արտադրության՝ ԱՄՆ-ի առաջատար MP Materials-ը դադարեցրել է խտանյութերի մատակարարումը Չինաստան՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև առևտրային լարվածության սրման հետնապատկերում: Դրա մասին հայտնել է Financial Times պարբերականը:

Ըստ Financial Times-ի աղբյուրների՝ հազվագյուտ հողերի համար ներքին մատակարարման շղթա ստեղծելու ԱՄՆ ջանքերում կենտրոնական դեր խաղացող հանքարդյունաբերական ընկերությունը մինչև վերջերս իր խտանյութերի մեծ մասը վաճառում էր Չինաստանին՝ նման նյութերի մշակման համաշխարհային կենտրոնին: Այժմ վաճառքները դադարեցվել են։ «Ամերիկյան ապրանքների վրա Չինաստանի 125-տոկոսանոց պատասխան մաքսատուրքերն այդ ապրանքները դարձրել են անեկամտաբեր»,- նշել է աղբյուներից մեկը։

«Այդ կարևոր նյութերը 125% սակագնով վաճառելը նպատակահարմար չէ ո՛չ առևտրային առումով, ո՛չ էլ ազգային շահերից ելներով», - հաստատել է MP Materials-ը: Ընկերությունը նշել է, որ իր եկամուտը չինական գործընկեր Shenghe Resources-ին (SR)՝ հազվագյուտ հողերի հանքարդյունաբերության խոշոր խմբին, 2024 թվականին կազմել է իր 204 միլիոն դոլար եկամտի մոտ 80%-ը:

Ամերիկյան ընկերությունը շեշտել է, որ գրեթե 1 միլիարդ դոլար է ներդրել ԱՄՆ-ում հազվագյուտ հողային մետաղների մատակարարման ամբողջական շղթայի վերականգնման համար։ Իսկ այժմ Կալիֆորնիայի նավթավերամշակման գործարանն օգտագործում է իր արտադրանքի կեսը վերամշակելու համար և այդ նյութի գրեթե ամբղջ ծավալը վաճառում է Չինաստանից դուրս:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Չինաստանի իշխանությունները, ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի համատեքստում, որոշել են դադարեցնել որոշ հազվագյուտ հողային մետաղների և մագնիսների արտահանումը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ համաշխարհային ավտոմոբիլային, կիսահաղորդչային և օդատիեզերական արդյունաբերության վրա։ Չինաստանի կառավարությունը մշակում է արտահանման վերահսկման նոր համակարգ՝ դադարեցնելով իր նավահանգիստներից մագնիսների և ծանր հազվագյուտ մետաղների բեռնափոխադրումները ավտոմեքենաների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հավաքման համար: