Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս, որ քաղաքական կամքը, իսկական գործընկերությունն ու զիջումների գնալու ունակությունը կարող են հանգեցնել իմաստուն արդյունքի: Այդ մասին «APA» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը: «Մենք կողմերին աջակցում ենք վավերացման ճանապարհին ճիշտ քայլեր կատարել, որպեսզի պայմանավորվածությունների իրականացումը արագ սկսվի: Մենք լիովին ողջունում ենք այդ գործընթացը, եւ համոզված ենք, որ այն մեծ օգուտներ կտա երկու երկրներին, ժողովուրդներին եւ ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Քալմի-Ռեյը՝ նկատելով, թե Շվեյցարիան պատրաստ է հետայսու եւս օգնություն ցուցաբերել այդ ուղղությամբ, եթե կողմերը խնդրեն այդ մասին:

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործում Շվեյցարիայի միջնորդական առաքելությանը, ԱԳՆ ղեկավարը նշել է, թե երկրի չեզոք դիրքորոշումը չի նշանակում, թե «մենք պետք է մի կողմ քաշվենք եւ անտարբեր նայենք, թե ինչ է կատարվում աշխարհում»: Ընդհակառակը չեզոքությունը, ըստ Քալմի-Ռեյի, թույլ է տալի առավել ակտիվ լինել այդ հարցերում: «Կողմերը գիտեն, որ մենք պատրաստ ենք արդար եւ անաչառ կերպով, առանց որեւէ շարժառիթի անել ամեն ինչ, որ մեր ավանդը ներդնենք խաղաղության, կայունության եւ անվտանգության գործում»:

Խոսելով երկու տարածաշրջանային գործընթացների՝ հայ-թուրքական մերձեցման եւ ղարաբաղյան հակամարտության մասին՝ շվեյցարացի նախարարը նշել է, որ դրանք զուգահեռ են ընթանում, եւ «գործըթնացները պետք է առաջ շարժվեն բավական արագացվծա տեմպերով՝ իրենց դինամիկությանը համապատասխան»: «Մենք հույս ունենք, որ նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ կայանալիք հանդիպումը նոր պայմաններ կստեղծի այդ դինամիկայի համար, եւ մոտ ապագայում համաձայնություն ձեռք կբերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»,- ասել է Քալմի-Ռեյը՝ համոզմունք հայտնելով, որ հայ-թուրքական մերձեցումը դրական կազդի ղարաբաղյան կարգավորման վրա: