Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը բնական է համարում «Հայ կամավորականների համախմբման»՝ նախօրեին արված հայտարարությունը, որտեղ նախաձեռնությունը քննադատության էր ենթարկել ՀԱԿ-ին: Ադ մասին Զուրաբյանը հայտարարել է նոյեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը:
Զուրաբյանը անեւ խորհուրդ տվեց կարդալ ՀԱԿ-ի հռչակագիրը, որտեղ հստակ գրված է, թե ինչ սկզբունքների շուրջ են համախմբվել ՀԱԿ-ին անդամակցող ուժերը: «Նույն հռչակագրում գրված է, որ ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցություններն ու ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնությունը, ընդհուպ տարբեր միջոցառումների մասնակցելու: Բնական է, որ տարբեր տեսակետներ կարող են լինել կոնգրեսում»,- նկատեց ՀԱԿ համակարգողը՝ այդուհանդերձ հավելելով. «Բայց նաեւ կասեի, որ եթե այնտեղ որոշակի դժգոհություններ կան կոնգրեսի քաղաքականության վերաբերյալ, ինչը ես նույնպես բնական եմ համարում, կարող են գործել ինքնուրույն: Նրանք փորձեր արեցին, բայց ակցիաների սակավամարդությունը ցույց է տալիս, որ այնուամենայնիվ կոնգրեսի ռազմավարությունը ավելի ճիշտ է»:
Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորած «Հայ կամավորականների համախմբումը» կոնգրեսին եւ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր անվճռականության մեջ:



















