92 տարեկան հասակում մահացել է մոնումենտալ նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին, «Ինտերֆաքսին» հայտնել է նկարչի օգնական Սերգեյ Շագուլաշվիլին։

«Այո, դա տեղի է ունեցել այսօր գիշերը ժամը մեկ անց կեսին»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նա ավելացրել է, որ հրաժեշտի եւ հուղարկավորության մասին որոշումը կկայացվի ավելի ուշ։

Ծերեթելին խորհրդային, վրացի եւ ռուսաստանցի մոնումենտալ նկարիչ է, քանդակագործ եւ ուսուցիչ։ 1997-ից՝ Ռուսաստանի արվեստի ակադեմիայի նախագահ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի ասպետ։

Ծերեթելին ծնվել է 1934թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի (1995թ.), Զուրաբ Ծերեթելիի արվեստի պատկերասրահի (2000թ.) եւ Թբիլիսիի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր (Վրաստան, 2012թ.):

Գեղանկարչական, գրաֆիկական, քանդակի, մոնումենտալ եւ դեկորատիվ արվեստի ավելի քան 5 000 աշխատանքների հեղինակ է (որմնանկարներ, խճանկարներ, պանելներ): Որպես քանդակագործ՝ նա ստեղծել է բազմաթիվ հուշարձաններ, այդ թվում՝ «Հավերժ բարեկամություն» Մոսկվայում, «Բարին հաղթում է չարին» Նյու Յորքում ՄԱԿ շենքի առջեւ, «Նոր մարդու ծնունդը» Սեւիլիայում, «Քանդիր անվստահության պատը» Լոնդոնում, Զոյա Կոսմոդեմյանսկայայի հուշարձանը Ռուզայում եւ այլն։