Մեքսիկական Սալտիլյո քաղաքում  մի քանի ժամ շարունակ  իրարանցում  է եղել. բնակիչները խուճապահար մտել են տուն, իսկ ոստիկանները, հրշեջներն ու փրկարարները  փորձել են բռնել խուճապի մեղավորին` վանդակից փախած բենգալյան վագրին:

Դեբորա անունով վեց ամսական էգ վագրը գիշերը  փախել է  տիրոջ գրասենյակում գտնվող իր վանդակից: Արտակարգ իրավիճակների ծառայությունը անհանգիստ քաղաքացիներից բազմաթիվ ահազանգեր է ստացել այն մասին, որ քաղաքի փողոցներում  «առյուծ» են տեսել:

Վագրի տերը, հեռուստատեսությամբ լսելով նորությունը,  սկզբում կարծել է, թե դա անհաջող կատակ է, բայց, այնուամենայնիվ, որոշել է ստուգել: Նա գնացել է գրասենյակ եւ այնտեղ լիակատար խառնաշփոթի է ականատես դարձել: Դուռը բաց է եղել, վանդակը` դատարկ:

Քանի դեռ վագրը ծանոթանում էր շրջապատին, տեղի բնակիչները վախից թաքնվել էին տներում: Արտակարգ իրավիճակների աշխատակիցները վագրին գտել են կաղամբների մեջ մոլորված: Այժմ վագրը վերադարձվել է տիրոջը, որը հավաստիացրել է, որ Դեբորան շատ բարի եւ հանգիստ է, ինքն էլ գիշատչին պահելու բոլոր փաստաթղթերն ունի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: