Քանդակագործ Զուրաբ Ծերեթելուն կհուղարկավորեն շաբաթ օրը Թբիլիսիի Դիդուբե պանթեոնում կնոջ՝ Ինեսա Անդրոնիկաշվիլու կողքին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նրա օգնական Սերգեյ Շագուլաշվիլին։
Նկարիչը կյանքից հեռացել է երեքշաբթի գիշերը 91 տարեկան հասակում։ Մահվան պատճառը սրտի կանգն է եղել։
«Նրան կհուղարկավորեն շաբաթ օրը Թբիլիսիի Դիդուբե պանթեոնում՝ կնոջ կողքին»,- ասել է գործակալության աղբյուրը։
Ծերեթելու կինը՝ Ինեսա Անդրոնիկաշվիլին, մահացել է 1998թ.։
Ծերեթելին ծնվել է 1934թ. հունվարի 4-ին Թբիլիսիում։ 1958-ին ավարտել է Թբիլիսիի գեղարվեստի պետական ակադեմիան «գեղանկարիչ-մոնումենտալիստ» մասնագիտությամբ։
1997-ից եղել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահը։ Մասնակցել է մասշտաբային նախագծերի Մոսկվայում, համակարգել է Քրիստոս Փրկչի տաճարի վերակառուցման աշխատանքները, պատասխանատու է եղել բրոնզե օբելիսկի քանդակագործական մասի համար՝ որպես Պոկլոննայա բլրի վրա գտնվող Հաղթանակի հուշահամալիրի մաս, ստեղծել է Պետրոս I-ի հուշարձանը արհեստական կղզում Մոսկվա գետի եւ Վոդոօտվոդնի ջրանցքի միախառնման վայրում, եւ մշակել Մանեժնի հրապարակի ընդհանուր դիզայնը:
Արժանացել է բազմաթիվ շքանշանների եւ պարգեւների. ԽՍՀՄ եւ Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Հայրենիքի առջեւ վաստակի համար» շքանշանի ասպետ։





























