Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ վարչապետի այցի առիթով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ողջույնի խոսքում տեղ գտած արտահայտություններն առաջ են բերել տարընկալումներ մեր հասարակության տարբեր հատվածների մոտ, ցավոք, նաև պատճառ դարձել քաղաքական շահարկումների, հոգևորականի և Եկեղեցու հասցեին վիրավորական որակումների։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թեմակալ առաջնորդի կողմից արտահայտված որոշ մտքեր և դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական և վերագրելի չեն Եկեղեցուն։

Որևէ հարցի առնչությամբ գնահատականներ հնչեցնելիս, հատկապես երբ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշում առկա չէ, եկեղեցականները որոշապես պետք է շրջահայացություն և զգուշավորություն դրսևորեն թյուր մեկնաբանությունների տեղիք չտալու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, մասնավորապես, ասել էր. «Մեր աղոթքն է, որ ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարեւանների հետ հաշտության, լինի հաջողությամբ:

Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրամիության իր քայլերն անի, որովհետեւ մեր քրիստոնեությունը, իրականության մեջ, եկել է արևմուտքից՝ Տրդատ թագավորը, սուրբ Գրիգոր Լուսավորիչը : Համոզված եմ, որ այն քաղաքակրթությունը, որ տեսնում ենք այստեղ մեր երկրի ապագան այս քրիստոնեական գեղեցիկ միջավայրում է:

Մեր աղոթքն է, որ այդ հաջողությունները լինեն, որ Հայաստանը նույնպես մերձբալթյան երկրների պես, դիցուք Էստոնիայի, կարողանա խաղաղ համագործակցությամբ մեր ժողովրդին լավ, գեղեցիկ ապագա ապահովել»:

Մեր աղոթքն է, որ խաղաղության և հարեւանների հետ հաշտության ձեր ծրագրերը լինի հաջողությամբ. արքեպիսկոպոսը՝ Փաշինյանին