«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս անազատության մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում ըթնացող դատավարությա ընթացքում՝ նոյեմբերի 17-ին դատարանը լսել է երեք վկաների՝ Լաուրա Մելքոնյանին, Կարեն Կոստանյանին եւ Լավրենտ Գասպարյանին, որոնցից ոչ մեկն էլ Փաշինյանի դեմ մեղադրական ցուցմունքներ չի տվել: Ընդհակառակը, վկա Լաուրա Գասպարյանը հայտարարել է, թե 2008թ. մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ մանկական մի կոշիկ է գտել եւ, մոտենալով Նիկոլ Փաշինյանին, ասել է, թե մահացած երեխայի կոշիկն է, ինչին ի պատասխան Փաշինյանը զայրացել է, թե «չճշտված բաներ մի արեք, եւ վերացրեք այդ կոշիկը»: Մելքոնյանը ոչ մի բախում չի տեսել:
Հաջորդ վկան՝ Կարեն Կոստանյանը նշել է, թե Մյասնիկյանի արձանի մոտ մարդիկ ինքնապաշտպանության համար փայտեր են քարեր են վերցրել իրենց ձեռքին: Փաշինյանին էլ չի տեսել:
Հաջորդ վկան՝ Լավրենտ Գասպարյանը հակասական եւ անհեթեթ ցուցմունքներ է տվել: Ի դեպ, այս վկան հասցրել է դատվել մարտի 1-ի գործով՝ խանութները թալանելու համար, սակայն ընդամենը երեք օր է եղել անազատության մեջ եւ դատվել պայմանական: Գասպարյանը մերթընդմերթ հակասել է րոպեներ առաջ ասած իր հայտարարություններին: Օրինակ՝ հայտարարել է, թե Մյասնիկյանի արձանի հետեւից տեսել է, թե ինչպես են քաղաքապետարանի մոտ մարդիկ հարձակվում ոստիկանների վրա: Այս մի վկան Փաշինյանին ուղղակի տեսել է Մյասնիկյանի արձանի մոտ, բայց որեւէ հակաօրինական բառ նրանից չի լսել:
Այսօր դատարան հրավիրված մյուս վկաները չէին ներկայացել, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգել է մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 12-ը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



















