Վաշինգտոնն ու Պեկինը պաշտոնական բանակցություններ չեն վարում մաքսատուրքերի վերաբերյալ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է առեւտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
«Դեռ ոչ»,- ասել է նա Fox News-ի եթերում՝ նշելով, որ Վաշինգտոնը ցանկանում է ապահովել «Չինաստանի հետ արդար առեւտրային միջավայր»։
«Ես խոսեցի իմ [չինացի] գործընկերոջ հետ ավելի քան մեկ ժամ, ապրիլի 2-ից առաջ էր (ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է 185 երկրներից եւ տարածքներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մասին): Դա վիրտուալ հանդիպում էր, եւ ես այն կառուցողական եմ համարել»,- ավելացրել է Գրիրը: Նա պնդել է, որ Վաշինգտոնի կողմից սահմանված մաքսատուրքերը նպատակ ունեն ոչ թե վնասել Պեկինին, այլ «վերականգնել ամերիկյան տնտեսությունը»։
Թրամփն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը կկարողանան առեւտրային համաձայնության հասնել։ Նա նաեւ հայտնել է, որ Պեկինի հետ նոր համաձայնագիրը պետք է ձեռնտու լինի Վաշինգտոնին եւ ամերիկյան տնտեսությանը տարեկան 1 տրլն դոլարի վնաս չպատճառի։
ԱՄՆ ընդհանուր մաքսատուրքերը Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա հասնում են 145 տոկոսի: Ի պատասխան Թրամփի վարչակազմի գործողությունների՝ Չինաստանը ապրիլի 12-ից բարձրացրել է ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը մինչեւ 125 տոկոս։





























