Թրամփի վարչակազմը պատրաստվում է պաշտպանական ֆինանսավորման ռեկորդային հայտ ներկայացնել։ Կոնգրեսում բուռն քննարկումներ են սպասվում, հաղորդում է Bloomberg-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է 2026 թվականի հոկտեմբերի 1-ին սկսվող ֆինանսական տարվա համար ազգային անվտանգության ֆինանսավորման 1,01 տրիլիոն ԱՄՆ դոլարի չափով հայտ ներկայացնել Կոնգրեսին։ Դա շուրջ 13 տոկոսով ավելի է, քան 2025 թվականի նպատակային ցուցանիշը, հայտնում են փաստաթղթին ծանոթ վարչակազմի պաշտոնյաները։
Բյուջեի առաջնահերթությունների թվում են ռազմավարական նշանակության նախագծերը, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը, նավաշինությունը, միջուկային զինանոցի արդիականացումը, սահմանային անվտանգությունը և զինվորականների աշխատավարձերի 3,8%-ով բարձրացումը։
Հաղորդվում է, որ հարցումը ներառում է նաև Էներգետիկայի նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և մի շարք այլ գործակալությունների լրացուցիչ ֆինանսավորում և համարժեք է ընդհանուր ՀՆԱ-ի 3,2%-ին՝ 2024 թվականի ֆինանսական տարվա մակարդակով։ Համեմատության համար նշենք, որ ազգային անվտանգության վրա ընդհանուր ծախսերը ներկայում կազմում են 892,3 միլիարդ ԱՄՆ դոլար։
Բյուջեն պաշտոնապես կներկայացվի «նեղ բյուջեի» («skinny budget») ձևաչափով ուրբաթ՝ մայիսի 2-ին, ինչը կնշանավորի 2026 թվականի Կոնգրեսի բյուջեի գործընթացի մեկնարկը և կսահմանի վարչակազմի հիմնական ֆինանսական առաջնահերթությունները։
Միայն Պաշտպանության նախարարության ֆինանսավորման հայտը կկազմի 961 միլիարդ ԱՄՆ դոլար, ինչը զգալիորեն գերազանցում է հունվարին հաստատված 848,3 միլիարդ դոլարի մակարդակը։ Ավելի վաղ Ջո Բայդենի վարչակազմը 2026 թվականի պաշտպանության բյուջեն 876,8 միլիարդ դոլար էր նախատեսել։
Փաստաթուղթը ներառում է նաև 150 միլիարդ դոլարի մի մասը, որը Կոնգրեսը նախատեսում է հատկացնել որպես լրացուցիչ «համապատասխանեցված» պաշտպանական ծախսեր՝ արդեն հաստատված հայեցողական ֆինանսավորման փաթեթը լրացնող ծախս։
Ակնկալվում է, որ այս խնդրանքը հակասություններ կառաջացնի Կոնգրեսում։ Օրենսդիրները բազմիցս քննադատել են Պենտագոնին՝ լիարժեք աուդիտ չանցկացնելու համար։
Ըստ ԱՄՆ կառավարության Հաշվիչ պալատի զեկույցի՝ 2017-2024 թվականներին Պաշտպանության նախարարությունում բացահայտվել է առնվազն 10,8 միլիարդ դոլարի խարդախություն։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը սոցիալական ցանցերում նշել է, որ չնայած հարցումների պատմականորեն մեծ ծավալին, գերատեսչությունը մտադիր է «հարկատուների յուրաքանչյուր դոլարը ողջամիտ կերպով ծախսել մարտունակության և պատրաստվածության վրա»։
Նախագահ Թրամփն, իր հերթին, հարցման մասշտաբները բացատրել է համաշխարհային սպառնալիքների աճով։
«Մենք պետք է բանակ կառուցենք։ Ծախսերի հարցում շատ զգույշ ենք, բայց մենք պետք է բանակ կառուցենք»,-շեշտել է պետության ղեկավարը։





























