Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի ֆինանսական օգուտները կարող են ստացվել ավելի քան մեկ տասնամյակ անց՝ պատերազմից տուժած երկրում նոր հանքավայրերի մշակման բազմաթիվ խոչընդոտների պատճառով, գրում է Reuters-ը։

Կարևորագույն հանքանյութերով հանքավայրերի մշակումը զարգացած հանքարդյունաբերություն ունեցող երկրներում, ինչպիսին են Կանադան և Ավստրալիան, կարող է տևել 10- 20 տարի։ Դրա մասին գործակալությանը հայտնել են մասնագետները:

Ուկրաինայի և օգտակար հանածոներով նրա հանքավայրերի դեպքում քիչ տվյալներ կան դրանց տնտեսական կենսունակությունը հիմնավորելու համար։ Ներդրողները կարող են դժկամությամբ գումար ներդնել մի երկրում, որտեղ ենթակառուցվածքները ոչնչացվել են ռուսական ներխուժման հետևանքով, իսկ անվտանգությունը երաշխավորված չէ, գրում է Reuters-ը:

«Եթե որևէ մեկին թվում է, թե այս բոլոր հանքանյութերը հանկարծ սկսելու են արտահանվել Ուկրաինայից, սխալվում է, - գործակալությանը ասել է Benchmark Minerals Intelligence խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Ադամ Ուեբը։ -Իրականությունն այն է, որ մարդկանց համար դժվար կլինի արդարացնել ներդրումները, երբ նրանք կարող են ներդրումներ կատարել կարևորագույն հանքանյութերի մեջ այն երկրներում, որոնք պատերազմական վիճակում չեն»:

Մյուս խոչընդոտն էլ այն է, որ որոշ պոտենցիալ շահութաբեր նախագծեր գտնվում են Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքում, և հանքարդյունաբերության մասին համաձայնագիրը որևէ անվտանգության երաշխիք չի ներառում, նշում է Reuters-ը։