Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 17-ին քննարկել է ՀՅԴաշնակցության նախաձեռնած օրինագիծը՝ 2008թ. մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման մոնիտորինգային խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման մասին: Ինչպես նշել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով օրինագիծը, մոնիտորինգային հանձնաժողովը պետք է լայն լիազորություններ ունենա, քան իր առաքելությունն ավարտած, մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը:
Մինասյանի խոսքերով, հանձնաժողովի կազմում, բացի խորհրդարանական ուժերից պետք է ներառվեն նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Բացի այդ, իր գործունեության ընթացքում հանձնաժողովը պետք է մի շարք օրենքների փոփոխություններ առաջարկի, այդ թվում եւ Ընտրական օրենսգրքում, թիկնապահական ծառայության մասին, հանրահավաքների անցկացման մասին օրենքներում: Բոլոր այդ առաջարկները, նրա խոսքով, միտված են լինելու երկրում սոցիալական արդարության հաստատմանը: Մինասյանը նաեւ նշել է, թե որոշումները հանձնաժողովում պետք է ընդունվեն կոնսենսուսի հիման վրա եւ միայն ծայրահեղ դեպքերում՝ քվեարկությամբ: Ըստ պատգամավորի՝ մոնիտորինգային հանձնաժողովի ստեղծման նպատակն է կյանքի կոչել այն լուծումներն ու առաջարկները, որ արվել են ժամանակավոր հանձնաժողովի կողմից: Ամփոփիչ խոսքում Մինասյանը խնդրեց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին հետաձգել նախագծի քվեարկությունը, որպեսզի ՀՅԴ-ն փաստաթղթում ներառի խորհրդարանական ուժերի առաջարկները:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, թե մոնիտորինգային հանձնաժողովի ստեղծման դեպքում ոչ միայն հանրությունն ականատես կլինի դրական քայլերի, այլեւ պատգամավորները կկարողանան հպարտանալ այն մարմնով, որտեղ աշխատում են: «Նախագծի ընդունումը կօգնի նաեւ հանրապետություն այնպիսի մթնոլորտ ստեղծել, երբ քաղաքացիները, գնալով ընտրության, իրենց չեն պատկերացնի պատերազմում»,- ասել է Հովհաննիսյանը:
Ի դեպ, «Ժառանգություն» խմբակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, թե կուսակցությունը կողմ է քվեարկելու նախագծին, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անիմաստ է համարել նոր մոնիտորինգային հանձնաժողովի ստեղծումը:




























