Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված, դերասան Վլադիմիր Կոստանյանը խոստացել է պատռել իր հետ նույն ընտրատարածքում առաջադրված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի դիմակը:
«Տեղեկացնում եմ ձեզ եւ հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է եւ նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին»,- նոյեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ նշել է Կոստանյանը եւ հավելել. «Միասնական ինքնաբացարկի իմ կոչը ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձեւական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը եւ այս պահին դեռ ուժի մեջ է: Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից եւ չեն արձագանքում իմ կոչին, ինչպես եւ սպասվում էր, այս ամսվա 20-ին, ժամը 18:00-ին Ազնավուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ ձեզ»:



















