Հանրապետական կուսակցության անդամ Միշել Բաքմանը`  ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող միակ կինը,  դադարեցրել է իր նախընտրական քարոզարշավը` կապված Այհովայում ցածր արդյունքներ հավաքելու հետ: Այդ մասին հայտնում է  Reuters-ը:

Ներկուսակցական քվեարկությունները ԱՄՆ-ի նախագահական քարոզարշավի առաջին փուլն է: 2012 թվականի հունվարի 10-ին կորոշվի Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, որը կմրցակցի դեմոկրատական թեկնածու Բարաք Օբամայի հետ: Սպիտակ տան ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2012 թվականի նոյեմբերի 6-ին:

Հանրապետական կուսակցությունից Այհովայի ընտրություններին մասնակցել են նաև Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին,  Փենսիլվանիայի նախկին սենատոր պահպանողական Ռիկ Սանտորումը և լիբերալ Ռոն Փոլը: Ռոմնին և Սանտորումը հավաքել են գրեթե հավասար թվով ձայներ` 25-ական տոկոս: Սակայն մրցապայքարի առաջնորդ արդյունքում դարձել է Ռոմնին, նշում է «Ազատություն» ռադիոկայանը: Նրանցից մի փոքր հետ է մնացել Ռոն Փոլը:

Փաստորեն, Այհովա նահանգում նախնական ընտրություններից հետո հանրապետականների միջև սրվել է պայքարը ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին թեկնածուի առաջադրման համար:

Հունվարի 4-ին Միթ Ռոմնիի թեկնածությանը աջակցություն է հայտնել ազդեցիկ սենատոր Ջոն Մաքքեյնը` հանրապետական կուսակցությունից 2008 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածուն: Սակայն, դիտորդների կարծիքի համաձայն, Ռոմնիին հեշտ չի լինի հաղթելը հանրապետականների կողմից առաջադրման պայքարում` իր կրոնական համոզմունքների պատճառով, քանի որ նա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու (մորմոններ) անդամ է: