Չիլիում Ավգուստո Պինոչետին դադարել են բռնապետ կոչելուց: Համենայն դեպս, դպրոցական դասագրքերից տվյալ ձեւակերպումը հանել են, ինչն էլ երկրում սկանդալի առիթ է հանդիսացել:
Ավգուստո Պինոչետի կառավարման տարիների գնահատականը փոխվել է աջ կենտրոնամետ կառավարության ջանքերի շնորհիվ:
Այժմ երեխաներին սովորեցնում են, որ 1973-1990թթ. Չիլիում «վարչակարգ» է եղել, ոչ թե «բռնապետություն»: Ձախ կուսակցությունները կառավարությանը մեղադրել են պատմությունն աղավաղելու փորձի մեջ, փոխանցում է BBC-ն: Կառավարությունն էլ պնդում է, որ փորձել է միայն ավելի ընդհանուր եզրույթ գտնել, եւ որ այդ որոշումը քաղաքական ենթատեքստ չունի:
Ա. Պինոչետը իշխանության է եկել պետական հեղաշրջման միջոցով: Նրա կառավարման տարիներին երեք հազարից ավելի չիլիացիներ սպանվել են հատուկ ծառայությունների եւ զինվորականների կողմից, եւս 40 հազարը տուժել են:
Նրա տապալումից հետո բռնապետին մարդու իրավունքների մեծաթիվ խախտումների համար դատելու բազմաթիվ փորձերն ապարդյուն են անցել: Պինոչետը մահացել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, 91 տարեկան հասակում եւ հուղարկավորվել զինվորականին վայել կարգով, թեեւ հուղարկավորությանը պաշտոնական կարգավիճակ չի շնորհվել եւ երկրում սուգ չի հայտարարվել, գրում է rbc-ն:




























