Գերմանիայի նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը շաբաթ օրը՝ մայիսի 10-ին, ժամանել են Կիեւ, հայտնել է RBC-Ukraine-ն։
Կիեւի երկաթուղային կայարանում եվրոպացի առաջնորդներին դիմավորել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը եւ արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Այսօր հագեցած օր է լինելու։ Չափազանց կարեւոր հանդիպումներ։ Մենք ողջունում ենք Ուկրաինայում չորս եվրոպացի առաջնորդներին՝ «վճռականների կոալիցիայի» առաջնորդներին։ Հետեւաբար, մենք ակնկալում ենք կարեւոր որոշումներ, մենք ակնկալում ենք եվրոպական համերաշխության եւ Ուկրաինայի աջակցության հետագա ամրապնդում»,- ասել է Սիգիբան կայարանում։
Մայիսի 6-ին Բունդեսթագը քվեարկել է Ֆրիդրիխ Մերցին Գերմանիայի նոր կանցլեր նշանակելու օգտին։ Նա երդվել եւ պաշտոնապես ստանձնել է իր նոր պաշտոնը։
Այսօր Ֆրիդրիխ Մերցը որպես Գերմանիայի կանցլեր իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ուկրաինա։
Մինչ այդ Մերցն Ուկրաինայի մայրաքաղաք էր այցելել անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին։ Ապա նա հայտնել է, որ աջակցում է Ուկրաինային հեռահար զենք տրամադրելուն։
Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան գլխավորել են Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը: Ստեղծվել է «վճռականների կոալիցիա», որը միավորում է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր կամ այլ օգնություն տրամադրել Ուկրաինային:





























