Փաստահավաք խմբի նախկին անդամներ, ընդդիմությունը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը պատրաստվում են նոր զեկույց ներկայացնել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին մարտի 1-ի 10 զոհերից մեկի մահվան հանգամանքների վերաբերյալ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Փաստահավաք խմբում Հայ Ազգային Կոնգրեսը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց նշել զոհի անունը, միայն խոստացավ, որ զեկույցը հանրությանը կներկայացվի 10 օրվա ընթացքում:
Ի դեպ, Փաստահավաքի լուծարումից հետո ընդդիմության ներկայացուցիչներն արդեն մեկ արտահերթ զեկույց՝ «Հատուկ միջոցների կիրառման իրավաչափության վերաբերյալ», ներկայացրել են Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովին: «Ոչ այդ փաստաթղթի, ոչ նախորդ փաստաթղթերի վերաբերյալ ԱԺ հանձնաժողովի կողմից որեւէ արձագանք չկա, բայց դա ինձ քիչ է հետաքրքրում, քանի որ դրանք անհերքելի փաստեր են, որոնց հետ ժամանակավոր հանձնաժողովը պարզապես հաշվի նստել չի կարող: Եթե դրանք չարձանագրվի վերջնական զեկույցի մեջ, դա լրիվ ուրիշ հետեւանքներ կունենա այն մարդկանց համար, ովքեր աչք կփակեն այդ փաստերի վրա»,- ազդարարեց Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի վաղ NEWS.am-ին տված հարցազրույցում Սամվել Նիկոյանը հայտարարել էր թե Փաստահավաքից ստացված ոչ բոլոր նյութերն են ուսումնասիրվելու:
«Ես չգիտեմ, թե Սամվել Նիկոյանն ինչ է ասում: Մենք ներկայացրել ենք զեկույցներ, որոնք ինքը պարտավոր է ոչ միայն ուսումնասիրել, այլ անհերքելի փաստերը ներառել վերջնական զեկույցի մեջ: Եթե կլինեն փաստեր, որ կասկած կհարուցեն, թող բարի լինեն ուսումնասիրել: Այլապես եթե փաստերը չարձանագրվեն զեկույցի մեջ, կհամարենք, որ կոծկվում են»,- ասաց Ա.Քոչարյանը: Վերջինս, ի դեպ, որեւէ ակնկալիք չունի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցից: «Կկարդանք, կտեսնենք: Կգա ժամանակը, եւ մենք մեր գնահատականը կտանք այդ զեկույցին»,- նշեց Քոչարյանն ու հավելեց, որ ինքն ու Սեդա Սաֆարյանը մարտի 1-ին առնչվող այլ զեկույցներ էլ են ներկայացնելու. «Մենք պարտավոր ենք դա անել, որովհետեւ այս ամիսների մեր հավաքած փաստերը կարող են ի մի բերել միայն փաստահավաք խմբի անդամները: Եւ կյանքը ցույց տվեց, որ դա կարող են անել միայն ընդդիմությունը ներկայացնող անդամները, իսկ մյուսները (նկատի ունի փաստահավաքի իշխանությունը ներկայացնող անդամներին.- NEWS.am) հայտարարեցին վերջերս, որ իրենք որեւէ բան չեն անելու: Իսկ մենք չենք պատրաստվում դրանք թողնել Աժ ժամանակավոր հանձնաժողովի հույսին, քանի որ դա նաեւ մեր աշխատանքի արդյունքն է: Եւ ես ափսոսում եմ, որ ժամանակին մեզ չտրվեց հնարավորություն դրանք ի մի բերելու:Բոլորն էլ գիտեն, որ առաջին զեկույցից (Համլետ Թադեւոսյանի մահվան հանգամանքներին առնչվող- NEWS.am) հետո ամեն ինչ արվեց, որ վիժեցնեն մեր աշխատանքը»:



























