Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները հյուրընկալելու Թուրքիայի պատրաստակամության մասին, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի հայտարարությանը։

Էրդողանը կիրակի օրը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, նախագահները քննարկել են տարածաշրջանային, գլոբալ և երկկողմ օրակարգի հարցեր։

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ողջունում է Պուտինի հայտարարությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում խաղաղ բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին այն կետից, որտեղ դրանք դադարել էին (2022 թվականին - խմբ.), և որ Թուրքիան պատրաստ է հյուրընկալել բանակցությունները, որոնք կհանգեցնեն հակամարտության մշտական լուծմանը», - ասվում է վարչակազմի հայտարարության մեջ։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը շաբաթ օրը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է հետևել Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանմանը։

Պուտինը նախկինում հայտարարել էր, որ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը։ Ռուսաստանի ղեկավարը նաև առաջարկել էր Կիևին, չնայած ամեն ինչին, մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Կիևի ներկայացուցիչների հետ Ստամբուլում ուղիղ բանակցությունների առաջարկից հետո, հայտարարել էր, որ սա պոտենցիալ մեծ օր է Ռուսաստանի և Ուկրաինայի համար, և խոստացել էր շարունակել աշխատանքը երկու կողմերի հետ։