Լեհաստանում մայիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին, իսկ երկրորդ փուլը սպասվում է հունիսի 1-ին, ուկրաինացիներին օգնելուց աճող հոգնածությունն այնքան նկատելի է դարձել, որ որոշ թեկնածուներ որոշել են, որ կարող են ավելի շատ ձայներ հավաքել՝ խոստանալով ավելի քիչ օգնել ուկրաինացիներին, գրում է Associated Press-ը։
«Լեհական հասարակության վերաբերմունքն ուկրաինացի ռազմական փախստականների նկատմամբ փոխվել է»,- ասել է Կրակովի Յագելոնյան համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Պյոտր Դլուգոշը, որը Կենտրոնական Եվրոպայում ուկրաինացիների նկատմամբ վերաբերմունքի ուսումնասիրություն էր անցկացրել։
Նա հղում է կատարել Վարշավայի Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցմանը, որը ցույց է տվել, որ ուկրաինացիներին օգնությանն աջակցությունը 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբի 94%-ից նվազել է մինչև 57%՝ 2024 թվականի դեկտեմբերին։
Հանրության տրամադրությունների փոփոխությունը քաղաքական քարոզարշավի վերածած լեհ թեկնածուների թվում է պահպանողական Կարոլ Նավրոցկին՝ պատմաբան և Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավարը, որը «Իրավունք և արդարություն» կուսակցության ընտրված թեկնածուն է և նախընտրական քարոզարշավի առաջատարներից մեկը։
Քանի որ Նավրոցկին ձգտում է դառնալ Դուդայի իրավահաջորդը, նա երկակի վերաբերմունք է ցուցաբերում ուկրաինացիների նկատմամբ՝ ընդգծելով ամեն ինչից վեր Լեհաստանի շահերը պաշտպանելու անհրաժեշտությունը։
Փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Օվալաձև աշխատասենյակ կատարած լարված այցից հետո Նավրոցկին հայտարարել է, որ ուկրաինացի առաջնորդին անհրաժեշտ է «վերաիմաստավորել» իր վարքագիծը դաշնակիցների նկատմամբ։
Անցյալ ամիս Նավրոցկին խոստացել է, որ իր հաղթանակի դեպքում օրենք կընդունի, համաձայն որի՝ լեհ քաղաքացիները բժշկական ծառայություններ ստանալիս կամ դպրոցներում առաջնահերթություն կունենան ուկրաինացիների նկատմամբ։
Թեկնածու Սլավոմիր Մենտցենը և նրա «Կոնֆեդերացիա» կուսակցությունն էլ ավելի հեռու են գնացել։ Նա մեղադրել է ուկրաինացիներին դպրոցների գերծանրաբեռնվածության, բնակարանների ուռճացված գների և լեհական առատաձեռնությունը չարաշահելու մեջ։
Իսկ ապրիլի 30-ին ծայրահեղ աջ թեկնածու Գժեգոժ Բրաունի հանրահավաքի ժամանակ նրա կողմնակիցները բարձրացել են Բյալա-Պոդլյասկայի քաղաքապետարանի պատշգամբ և պոկել ուկրաինական դրոշը, որն այնտեղ կախված էր 2022 թվականի փետրվարից՝ ի նշան համերաշխության։





























