Վայրի շիմպանզեները բույսերն օգտագործում են վերքերը բուժելու և իրենց շիմպանզե եղբայրներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Նման եզրակացությանն են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները՝ պրիմատներին Ուգանդայի Բուդոնգո անտառում հետևելիս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Ecology and Evolution գիտական հանդեսում։

Չորս ամսվա ընթացքում հետազոտողները գրանցել են պրիմատների վերքերը բուժելու 41 դեպք, որոնցից յոթում նրանք օգնել են խմբի մյուս անդամներին, այլ ոչ թե իրենք իրենց։ Սոնսո և Վայբիրա համայնքների շիմպանզեները տերևներն օգտագործում էին վնասվածքները լվանալու կամ դրանց վրա քսելու, ինչպես նաև սեռական օրգանները սրբելու համար, ամենայն հավանականությամբ, հիգիենիկ նպատակներով։

Այդ «ծեսերում» նկատված բույսերն իսկապես հակաբորբոքային հատկություններ ունեն և օգտագործվում են ավանդական բժշկության մեջ։ Հատկանշական է, որ օգնություն են ստացել ոչ միայն հարազատները կամ զուգընկերները, այլև գենետիկորեն ոչ ցեղակից առանձնյակները, ինչը կարող է վկայել այն փաստի մասին, որ պրիմատներն օժտված են կարեկցանքի ունակությամբ՝ առանց անմիջական էվոլյուցիոն օգուտի։

Հետազոտության հեղինակների համոզմամբ՝ այս վարքագիծը կարող է լույս սփռել սոցիալական խնամքի վաղ ձևերի և մարդու նախնիների շրջանում բժշկական զարգացման սկզբնավորման վրա: