Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հունվարի 9-ին, սկսվելու է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ դատավարությունը: Դատական նիստը կսկսվի 11:30-ին, մեղադրող կողմը ներկայացնում է Հարություն Հարությունյանը:

Քննվող գործում ընդգրկված են  հոգի` Մարգար Օհանյանը, Ստեփան Կարախանյանը, Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը:

Մարգար Օհանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ եղած ժամանակ չարաշահել է իր պաշտոնական դիրքը, որն էլ զգալի վնաս է հասցրել պետության շահերին եւ անզգուշության հետեւանքով հանգեցրել լուրջ հետեւանքների: Ինչպես նաեւ, նա յուրացրել է պետության` իրեն վստահված հատկապես  խոշոր չափերի հասնող  գույքը:

Ստեփան Կարախանյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Ճանապարհային ոստիկանության սպայական երկրորդ գումարտակի հրամանատար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը, ինչպես նաեւ չարաշահելով ծառայողական դիրքը` յուրացրել է հատկապես խոշոր չափերի հասնող իրեն վստահված պետական գույքը:

Արա Լեւոնյանին մեղադրանք է ներկայացված այն բանի համար, որ նա, լինելով Հայաստանի Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի ղեկավար, աջակցել է Հայաստանի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանին յուրացնելու հատկապես խոշոր չափերի հասնող պետական գույքը:

Նման մեղադրանք է ներկայացված նաեւ Ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանին:

Ինչպես նախկինում հաղորդել էր NEWS.am-ը, Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` ուղեգրերի տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար)  չափով վնաս: