ԱՄՆ-ի իշխանություններն արտաքսում են Մայամիում Վենեսուելայի գլխավոր հյուպատոս Լիվիա Ակոստա Նոգուերին: Վենեսուելայի իշխանություններին այս մասին տեղեկացրել են դեռեւս հունվարի 6-ին, ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ:

Հյուպատոսը պետք է լքի Միացյալ Նահանգները հունվարի 10-ին: Վաշինգտոնը պաշտոնապես չի հայտնել դիվանագետի արտաքսման պատճառները, հիմնվելով միջազգային չափանիշների վրա, որոնց համաձայն` նման քայլերի բացատրությունը պարտադիր չի համարվում, հաղորդում է CNN-ը:

Վերլուծաբանները հյուպատոսի արտաքսումը կապում են այն բանի հետ, որ նա 2008 թվականին հանդիպել է կուբայական եւ իրանական դիվանագետների հետ, որոնք հետաքրքրված են եղել Սպիտակ Տան, ԿՀՎ-ի եւ Պենտագոնի կայքերի ջարդմամբ: ԱՄՆ-ի կառավարական համակարգերի դեմ կիբերհարձակումների նախագծման մեջ նրա հնարավոր մասնակցության մասին  կասկածը առաջ է եկել այն բանից հետո, երբ իսպանալեզու Univision ալիքով ցուցադրվել է փաստագրական ֆիլմ, որտեղ ներկայացված են եղել Նոգուերայի հետ զրույցների տեսագրությունները: Այդ ժամանակ նա աշխատել է Մեքսիկայում Վենեսուելայի դեսպանատանը: