Մալայզիայի Բարձրագույն դատարանն արդարացրել է ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմին, որը մեղադրվում էր նույնասեռականության մեջ:  Դատարվորը մեղադրող կողմի ներկայացրած ԴՆԹ-ի նմուշները ոչ հավաստի է համարել:

Անվար Իբրահիմը առաջին անգամը չէ, որ մեղադրվում է նույնասեռականության մեջ, եւ դա խիստ խանգարում էր նրա քաղաքական գործունեությանը, քանի որ Մալայզիայում օրենքն արգելում է նույնասեռականությունը եւ դրա համար որպես պատժամիջոց կարող է կիրառվել մահակներով ծեծ եւ 20 տարվա ազատազրկում:

Մալայզիայի ընդդիմության առաջնորդ Անվար Իբրահիմը արվամոլության մեղադրանքով առաջին անգամ ձերբակալվել է 1998թ., երբ վարչապետի եւ ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում: Այն ժամանակ նա դատապարտվել էր 15 տարով: Նրան նաեւ դատել են կաշառակերության համար: 2004թ. նույնասեռականության մեղադրանքը հանվել էր, եւ նա բանտից ազատվել էր:

2008թ. նախկին վարչապետի 23-ամյա օգնականը ոստիկանությանը հայտնել էր, որ ընդդիմադիրն իր նկատմամբ սեռական ոտնձգություններ է կատարել: Հայտը ներկայացվել էր այն ժամանակ, երբ Իբրահիմի ղեկավարած կուսակցությունը խորհրդարանում աննախադեպ մեծ քանակությամբ տեղեր էր ստացել, գրում է gazeta.ru-ն:

Ինչպես նշում է Agence France-Presse-ը, գործընթացի ելքը դիտորդների, ինչպես նաեւ Իբրահիմի համար անսպասելի էր, որը կարծում էր, թե այդ մեղադրանքով Մալայզիայի կառավարությունը փորձում է վերացնել ընդդիմության սպառնալիքը: Ըստ վերլուծաբանների` դատարանի տվյալ որոշումը ընդդիմությանը հաջորդ խորհրդարանական ընտրություններին հաջող արդյունքի հասնելու լուրջ հնարավորություններ է ընձեռում: