ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ներկայացրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ)՝ արտերկրում ԵՄ դիվանագիտական գերատեսչության դեր կատարող կառույցի վերակազմակերպման պլանը։ Կալլասի առաջարկները հավանության են արժանացել Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, հայտնում է Politico պարբերականը։

Կրճատումների կենթարկվեն այն երկրների պատվիրակությունները, որտեղ ԵՄ-ն այլևս չի ցանկանում մեծ թվով դիվանագետներ ուղարկել. դրանք են, օրինակ, Բելառուսը և Լեսոտոն, պնդում է Politico-ի աղբյուրը։ Ըստ նրա, ԵՄ առաջնահերթությունները զարգացման նպատակով երկրներին օգնություն ցուցաբերելուց տեղաշարժվում են դեպի ռազմավարական շահերի իրականացում, ինչպիսիք են պատժամիջոցների պահպանումը կամ պաշտպանական գործընկերությունը, գրում է DW-ն։

Արդյունքում՝ ԵԱԳԾ 144 պատվիրակություններից 10-ում աշխատող շուրջ 100 աշխատակից, հավանաբար, կազատվի աշխատանքից մինչև 2027 թվականը։ Իսկ այն երկրների պատվիրակությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն պատժամիջոցային ռեժիմի պահպանման համար, օրինակ՝ նրանցը, որոնց դրոշների ներքո նավարկում են ՌԴ «ստվերային նավատորմի» նավերը, կուժեղացվեն։