Ռուսաստանն օգտագործում է Բալթիկ ծովը լրտեսության և սաբոտաժի համար, ինչպես նաև իր ստվերային նավատորմի միջոցով ԵՄ պատժամիջոցները շրջանցելով անօրինական նավթ տեղափոխելու համար, և այժմ Ֆրանսիան Բալթիկ ծովում իր առաքելության շրջանակներում ուղարկել է «Dupuy de Lôme» հետախուզական նավը, ինչպես հաղորդում է Kieler Nachrichten-ը (KN)։ Այս մասին տեղեկացնում է Bild-ը։
Ուրբաթ օրվանից այս ժամանակակից հետախուզական նավն ակտիվորեն գործում է Բալթիկ ծովում՝ ֆրեգատների և ականազերծիչների հետ միասին, որոնք արդեն այնտեղ ծառայության մեջ են։ Այս նավը պետք է որսա ռադիոազդանշաններ և ռադարներ, որոնք վերաբերում են Ռուսաստանի ռազմական ակտիվությանը։ Սակայն այս գաղտնի առաքելության մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։
Ֆեմարն կղզու մոտ, ըստ KN-ի, տեղի է ունեցել ֆրանսիական նավի առաջին բախումը ռուսաստանյան Ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) հետ։ Ռուսաստանի Բալթիական նավատորմի «Ստոյկի» կորվետը պարեկություն էր իրականացնում Սկագերակ նեղուցի ուղղությամբ։
101 մետրանոց «Dupuy de Lôme» նավը ծովում է գտնվում ֆրանսիական Ռազմական հետախուզության տնօրինության (DRM) հանձնարարությամբ. սա նուրբ առաքելությամբ հետախուզական նավ է։ Այն շահագործվում է Ֆրանսիայի ՌԾՈւ-ի կողմից։ Նավն ունի 6300 ծովային մղոն (մոտ 11 600 կիլոմետր) ընթացքի հեռավորություն և կարող է ծովում մնալ մինչև 30 օր առանց ընդհատման։ Հետախուզական նավը հագեցած է ժամանակակից չափիչ և տեղորոշիչ սարքավորումներով, որոնց բարձր ալեհավաքները կարող են որսալ ազդանշաններ ցամաքի խորքերից։
«Dupuy de Lôme» նավը Բալթիկ ծովում մենակ չէ։ Գերմանիայի ՌԾՈւ-ն ևս ակտիվ հետախուզություն է իրականացնում այս տարածաշրջանում. գերմանական «Oker» հետախուզական նավը, ըստ KN-ի, արդեն մի քանի շաբաթ է, ինչ շրջում է Կալինինգրադի մոտ և Ֆիննական ծոցում։ «Oker»-ը նույնպես մասնագիտացած է էլեկտրամագնիսական ազդանշանների որսման և ձայնագրման մեջ։




























