Ֆրանսիացի հայտնի գրող եւ գիտնական Բեռնար Անրի Լեւին «Huffington Post» պարբերականում տրամաբանական հիմնավորումներ է բերել Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից վերջերս ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի համար, գրում է «Asbarez»-ը:

«Օրինագիծը չի ենթադրում պատմության արձանագրում` պատմաբանների փոխարեն: Եւ դա այն պարզ պատճառով, որ այդ պատմությունն արդեն պատմվել եւ գրվել է ու շատ լավ գրված է արդեն վաղուց»,-նշում է Լեւին` ավելացնելով, որ  դա «օրենքի, ոչ թե պատմության հարց է»:

«Տվյալ օրինագիծը որպես ազատությունը մերժող ակտ ներկայացնեը, որը կարող է իբր խանգարել պատմաբանների աշխատանքին,  եւս մեկ արտառոց փաստարկ է, որը խորհրդածելու տեղիք է տալիս:  Մինչ այժմ հենց ժխտողականներն էին խանգարում պատմաբանների աշխատանքին: Նրանց այդ անմիտ գաղափարները,  նրանց ահավոր կեղծիքն էր ցնցում այն հողը, որի վրա, սկզբունքորեն,  պետք է կառուցվի գիտությունը:  Եւ պատժելով նրանց, առավել բարդացնելով նրանց խնդիրը, հասարակությանը զգուշացնելով այն մասին, որ նրանք գործ ունեն ոչ թե  գիտնականների, այլ մտքեր պղտորողների հետ, օրենքը պաշտպանում է պատմությունը:

Կա՞ պատմաբան,  որը զրկված էր Հոլոքոստի թեմայի վրա աշխատելու հնարավորությունից Հոլոսքոստի ժխտումը պատժող օրենքի պատճառով: Կա՞ հեղինակ, որը ձեռքը դնելով սրտին, կարող է հաստատել, որ այն սահմանափակել է  հետազոտություններ անցակացնելու եւ հարցեր բարձրացնելու իր ազատությունը: Նույնը վերաբերում է եւ Հայոց ցեղասպանությանը: Տվյալ օրենքը, երբ Սենատը վավերացնի այն, կդառնա ճակատագրի նվեր այն պատմաբանների համար, ովքեր, վերջապես, կարող են հանգիստ աշխատել»,-գրել է հեղինակը: