Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնական քայլերն այս տարի լինելու են  հերթական համագումարի նախապատրաստական աշխատանքները եւ հենց համագումարն ինքը: Այն որոշակի առումով լինելու է  եւ հաշվետու, եւ նախընտրական, քանի որ դրանից անմիջապես հետո  աստիճանաբար կհրապարկվեն համամասնական ցուցակները եւ խորհրդարական ընտրությունների հետ կապված նոր ծրագրային դրույթները: Այս մասին NEWS.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով` մինչ այդ կուսակցությունը թե գործադիր, թե օրենսդիր եւ թե  տեղական ինքնակառավարման մարմիններում կշարունակի նախագահ Սարգսյանի սկսած բարեփոխումները: Կուսակցության գործունեությունը կուղղվի նախընտրական ծրագրերի իրականացմանը, որոնք սկսվել են դեռ 2007 թ-ին:

«Հիմնական խնդիրն աշխատանքների շարունակությունն է, քանի որ կուսակցությունը, ի տարբերություն ընդդիմադիր ուժերի, այդքան շատ ժամանակ չունի խոսելու, այն պետք է գործի եւ իրականացնի ծրագրերը, հատկապես, երբ մեզ սպասվում է լուրջ աշխատանք` ուղղված նախընտրական գործընթացներին թափանցիկություն եւ հրապարակայնություն հաղորդելուն: Կուսակցությունը կներկայացնի նաեւ իր ռազմավարությունը` կապված առաջիկա նախընտրական գործընթացների հետ»,- նշեց Շարմազանովը` ավելացնելով, որ համագումարը նախատեսվում է փետրվարի կեսերից մարտի սկիզբ հատվածում:

Շարմազանովի խոսքով` այս տարի եւս կշարունակվի կուսակցության ղեկավարության` նեղ կազմով ամենշաբաթյա նիստերի անցկացման ավանդույթը. «Ավանդույթի համաձայն` կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եթե գտնվում է  Հայաստանում,  շաբաթը մեկ անգամ հանդիպում է անցկացնում կուսակցության ղեկավար մարմինների հետ: Կուսակցության խորհրդի նիստերը հրավիրվում են  ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ»:

Պատասխանելով հարցին, թե այս տարի նախատեսվում են արդյոք հրաժարականներ, Շարմազանովն ասաց, որ նախագահ Սարգսյանն իր թիմի հետ երբեք ինքնանպատակ գործողություններ չի կատարել. «Տրամաբանությունը հետեւյալն է. նախագահը հստակ հայտարարել է, որ այն քաղաքական գործիչները, պաշտոնյաները, թիմի ներկայացուցիչները, ովքեր չեն համապատասխանի ՀՀԿ 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հնչեցված չափանիշներին, տեղ չունեն պետական կառավարման համակարգում` լինի դա Էդուարդ Շարմազանովը, Պողոս Պողոսյանը, թե Պետրոս Պետրոսյանը»: