Սերգեյ Փարաջանովի արվեստի երկրպագուներն ու նրա ընկերներն այսօր` հունվարի 9-ին, մեծ ռեժիսորի ծննդյան օրը հավաքվել են Պանթեոնում, նրա գերեզմանի մոտ` նշելու վարպետի 88-ամյակը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը` հավելելով, որ Փարաջանովի գերեզմանին այցելելուց հետո, ըստ ձեւավորված ավանդույթի, մարդիկ հավաքվում են թանգարանում եւ սեղանի շուրջ հիշում մեծ ռեժիսորին:

Նշենք, որ Սերգեյ Փարաջանովը ծնվել է Թբիլիսիում, 1924թ. հունվարի 9-ին, Հովսեփ Փարաջանովի եւ Սիրան Բեժանովայի ընտանիքում: Երգեցողություն եւ նկարչություն սովորելուց հետո 1946 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը եւ ուրիշներ:

Նրա առաջին կարեւոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական եւ գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել եւ Փարաջանովին հռչակ բերել:

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ եւ 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում։

Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ եւ ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց եւ հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երեւանում: