Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է ընդունել 2005-ին պատգամավորի թեկնածուներ, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերեմլիի, «Մուսավաթ» կուսակցության կենտրոնական գործադիր ապարատի ղեկավար Արիֆ Հաջիլիի, Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Սերդար Ջելալօղլուի եւ «Այդընլար» կուսակցության նախագահ Գուլամհուսեյն Ալիբեյլիի հետ կապված: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը` վկայակոչելով «Իրավունքի լուսավորչական հասարակություն» կազմակերպության նախագահ Ինթիգամ Ալիեւի հաղորդած տեղեկությունները:
Նրա խոսքով, Եվրոպական դատարանն իր որոշումը կհրապարակի հունվարի 10-ին: «Կարծում եմ, որ վերոնշյալ անձանց հայցը բավարվել է»,-ասել է Ալիեւը:
Միաժամանակ «Ազադլըգ»-ը, վկայակոչելով Ստրասբուրգյան իր աղբյուրները, նշում է, որ Ալի Քերեմլիի եւ եւս 3 անձանց բողոք-դիմումը բավարարվել է դատարանի կողմից, ուստի Ադրբեջանի կառավարությունը մեծ քանակությամբ տուգանք է վճարելու:
Նշենք, որ Ալի Քերեմլին, Արիֆ Հաջիլին, Սերդար Ջելալօղլուն եւ Գուլամհուսեյն Ալիբեյլին 2005-ի խորհրդարանական ընտրություններում ստացել են պատգամավորական մանդատներ Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ է հայտարարել Արիֆ Հաջիլիի եւ Սադար Ջալալօղլուի, իսկ Սահմանադրական դատարանը` Ալի Քերեմլիի եւ Գուլամհուսեյն Ալիբեյլի պատգամավորությունը: Դրանից հետո միեւնույն անձինք դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:



























