Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի` բռնաբարության մեջ մեղադրվող որդու դեմ հարուցված քրեական գործն արդեն վերջնական գործընթացում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանուշ Ամիրաղյանը: «Ամեն ինչ ավարտվում է, մնում է որոշում կայացնեն: Այսինքն` շուտով այդ գործը կփակվի, բայց կոնկրետ օր չեմ կարող նշել: Այդ աղջիկը հիշեցնեմ, որ հայտարարությունը փոխել է»,- ավելացրեց Նոյեմբերյանի քաղաքապետը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոյեմբերյանում անչափահասի բռնաբարության դեպք է գրանցվել: 2011-ի սեպտեմբերի 2-ին 17-ամյա աղջկա բռնաբարության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 138 (բռնաբարություն) հոդվածի հատկանիշներով: Նշանակվել էին մի շարք փորձաքննություններ: 17-ամյա Լ.Ն.-ին բռնաբարել են երեք 17-ամյա երիտասարդներ, որոնցից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի որդին է, իսկ երկրորդը` ոստիկանության աշխատակիցներից մեկի որդին: Նոյեմբերյանի ոստիկանության քննչական բաժանմունքի պետ Գագիկ Նասիբյանն ասել էր, որ այս պահի դրությամբ բռնության հետքեր չկան եւ պետք է սպասել, թե փորձաքննությունների եզրակացությունները ինչպիսին կլինեն:
Քննիչ Նասիբյանը հաստատել էր, որ երիտասարդներից մեկը Նոյեմբերյանի քաղաքապետի որդին է, մյուսը` ոստիկանի որդի, հավելելով, որ այդ փաստն իր գործողությունները բացարձակ չի կաշկանդում: «Ո՞վ կարա ճնշի: 29 տարվա քննիչ եմ, չեն կարա ճնշեն: Պրոբլեմ չունեմ ես: Մեկ է, ոնց ուզեմ` պետք է բռնեմ, ճիշտը պետք է իմանամ: Ճիշտը, ճիշտը, ճիշտը»,- ասել էր նա:
NEWS.am-ը հայտնել էր, որ այդ գործով երեք երիտասարդ է հարցաքննվել, որոնցից մեկն էլ Սերգեյ Ամիրաղյան է` քաղաքապետի որդին: Կալանավորվածներ եւ ձերբակալվածներ չկան:


























