Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վետո է դրել Սահմանադրական խորհրդի այն որոշման վրա, ըստ որի Ժանաոզենում, որտեղ նախորդ տարվա դեկտեմբերին զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել, խորհրդարանական ընտրություններ անցկացնելն անհնար է: Այս մասին տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Մինչեւ հունվարի 31-ը Ժանաոզենում շարունակվելու է արտակարգ դրությունը: Այդ կապակցությամբ Ղազախստանի Սահմանադրական խորհուրդը նախորդ շաբաթ ընտրությունների անցկացման անհնարինության մասին որոշում էր կայացրել:
«Առարկելով, Ղազախստանի նախագահը նկատի է ունեցել Ժանաոզենի բնակչության անհանգստությունն ու մտահոգությունն այն առիթով, որ Սահմանադրական խորհրդի որոշմամբ սահմանափակվում է երկրի օրենքով եւ Սահմանադրությամբ իրենց հատկացված ընտրական իրավունքը: Պետության ղեկավարի որոշման միակ նպատակն է Ժանաոզենի բնակիչներին հնարավորություն տալ իրագործել ընտրելու եւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու սահմանադրական իրավունքը», - ասվում է մամուլի ծառայության հաղորդագրությունում:




























