Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում չորրորդ տեղը գրաված Երեւանի «Բանանցը» վերսկսել է մարզումները: Թիմում փոփոխությունները կապված են լեգեոնականների հետ: Նոր մրցաշրջանում Ռաֆայել Նազարյանի թիմում հանդես չեն գա Յարեմա Կավացիվն ու Բրունո Կորրեան: Բետոն էլ հունվարի 12-ին մեկնում է Ուկրաինա` «Ալեքսանդրիա» ակումբում փորձարկվելու համար: «Բանանցում» լեգեոնականներից մնացել է միայն Դու Բալան:
Թիմ է վերադառնում դարպասապահների մարզիչ Նիկոլայ Դոնեւը, ով ժամանակին աշխատել է ակումբում: «Բանանցը» կշարունակցի սելեկտիվ աշխատանքները հայաստանյան ֆուտբոլիստների հետ:
Հաստատվել է նաեւ թիմի նախապատրաստական ծրագիրը: Առաջին հավաքը Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայում «Բանանցը» կանցկացնի հունվարի 29-ից փետրվարի 9-ը: Այնուհետեւ թիմը երկու հավաք կանցկացնի Անթալիայում` փետրվարի 16-ից մարտի 1-ը եւ մարտի 5-ից 17-ը:
Պատրաստեց Խաչիկ Չախոյանը



























